«Մասնագիտական կողմնորոշման օր». ՀՊՏՀ ներկայացուցիչները դպրոցներում էին

Դիտումների քանակ՝ 3923

Տնտեսագիտական համալսարանը շարունակում է դպրոցների հետ ակտիվ գործակցությունը. մեր ներկայացուցիչներն այսօր հերթական այցելություններով գտնվել են Երևանի 2 դպրոցներում: Այս մասին տեղեկացրեց  ՀՊՏՀ-դպրոց համագործակցության ծրագրի ղեկավար, լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը: Նա մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի տեղակալ, ՄՏՀ ամբիոնի ասիստենտ Կարմեն Գրիգորյանի և  տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Նարինե Խալաթյանի հետ այցելել է  Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոց, հանդիպել տնօրեն  Սերգեյ Պետրոսյանի և ուսմասվար  Նուրիցա Հարությունյանի հետ, քննարկել փոխգործակցությանն առնչվող հարցեր, կնքել համագործակցության հուշագիր: Այնուհետև ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդիպել են 11-12-րդ դասարանի աշակերտների հետ և հանդես եկել բանախոսություններով՝ ընդհանուր տեղեկություններ հաղորդելով տնտեսագիտական մայր բուհի մասին:

Անդրադարձ է կատարվել ՀՊՏՀ գործունեության տարբեր ուղղությունների՝ մասնագիտություններ, գիտահետազոտական կյանք, սոցիալական ծրագրեր և այլն:  Կարմեն Գրիգորյանն ու մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մարիետա Բաղդասարյանը մարքեթինգի մասին պատմող տեսաֆիլմով աշակերտների համար բացահայտել են ժամանակակից մասնագիտությունը: Ուսանողուհին նաև հետաքրքրաշարժ խաղ է անցկացրել. հանրաճանաչ բրենդերի լոգոներն ու կարգախոսները գուշակող աշակերտներն արժանացել են նվերների:

Աշակերտներին տրամադրվել են ՀՊՏՀ-ի մասին պատմող գրքույկներ և «Տնտեսագետ» ամսագրի օրինակներ: Լուսինե Կարագուլյանի փոխանցմամբ՝ աշակերտները հետաքրքրված են մեր բուհով, և նրանց մեծ մասը ցանկություն ունի այստեղ մասնագիտական կրթություն ստանալ:

ՀՊՏՀ ներկայացուցիչների  հաջորդ կանգառը Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցն է եղել, որտեղ  տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ մեր ներկայացուցիչները  նշված դպրոցի աշակերտների համար տեղեկատվական հանդիպում են անցկացրել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին