Աշխարհահռչակ հայ գործարարների փորձը ներկայացնում են 1-ին կուրսեցիները

Դիտումների քանակ՝ 3534

Կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհուրդն այսօր կազմակերպել էր «Մենք ենք մեր մեծերը» խորագրով հետաքրքրաշարժ, ուսուցողական բաց դաս, որն ունկնդրելու էին եկել  տարբեր կուրսերի ուսանողներ: Սա 1-ին կուրսի մի խումբ ուսանողների նախաձեռնությունն էր, ովքեր ցանկանում էին, որ սերնդակիցները ճանաչեն աշխարհը նվաճած ժամանակակից հայազգի գործարարներին,  ծանոթանան նրանց հայանպաստ գործունեությանը, բացառիկ բնավորությանը, ստեղծարար մտածողությանը, հաջողության հասնելու բանաձևին:

Ելույթ ունեցավ 5 ուսանող, յուրաքանչյուրը ներկայացրեց իր ընտրած հերոսին.

Գալուստ Գյուլբենկյան, Վաչե (Բոբ) Մանուկյան, Քըրք Քըրքորյան, Ալեքս Եմենեջյան, Ռոբերտ Թադևոսյան: Բանախոսները դիտարկեցին անվանի գործարարների կենսագրությունը, դժվար մանկությունից մինչև մեծահարուստի կարգավիճակի հասնելու ուղին, բիզնես գաղափարներն իրագործելու, նորը ստեղծելու, պրպտելու անհագ ցանկությունը, բիզնեսի և հաջողության մասին իմաստուն մտքերը:

Առանձնահատուկ անդրադարձ եղավ վերոնշյալ գործարարների բարեգործական նախաձեռնություններին:

«Եթե ուզում ես հաջողության հասնել, չպետք է անես այն, ինչ ուրիշներն արդեն արել են». Tatteosian London աշխարհահռչակ բրենդի հիմնադիր, գործարար Ռոբերտ Թադևոսյանի խոսքն է, որն արտացոլում է նրա  ճկուն բիզնես մտածողությունը:

Նկատի առնելով, որ աշխարհում քիչ են ճարմանդ արտադրող ընկերությունները,   բրիտանացի գործարարն ստեղծել և աշխարհին է ներկայացրել Tatteosian London ինքնատիպ ճարմանդներն ու զարդերը, որոնց առանձնակի շքեղություն են հաղորդում  բնական քարերը, դիզայներական նուրբ լուծումները: Այժմ բրենդը ներկայացնող, համանուն խանութ-սրահներ են գործում ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ Հայաստանում:

Ուսանողների ելույթներից հետո կառավարման ֆակուլտետի ՈւԽ նախագահ Զավեն Խուկեյանն ամփոփեց հանդիպումը՝ կարևորելով ուսումնագիտական դասերի անցկացումը, ուսանողների գիտելիքների համակողմանի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: «Եթե երեկոյան գիտես այնքան, որքան առավոտյան, ուրեմն, ապրել ես իզուր». եզրափակեց ՈւԽ նախագահը: Դասն ավարտվեց ունկնդիրների ծափահարություններով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին