ՀՊՏՀ-ականները մասնակցել են համաժողովի

Դիտումների քանակ՝ 2449

Սույն թվականի փետրվարի 23-24-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կրթության որակի շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել «Որակը լսարանում. գնահատման համակարգի բարելավում» թեմայով որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը։ Ինչպես հայտնում են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից, համաժողովին մասնակցել են ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Աննա Փախլյանը, առաջատար մասնագետներ Մարիա Պետրոսյանը և Անի Բաղդասարյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, ուսումնամեթոդական աշխատանքների ծառայության պետ Գայանե Մերդինյանը, Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը, Գյումրու մասնաճյուղի փոխտնօրեն Անդրեյ Ավետիսյանը։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրումը. «Չի կարող լինել ինստիտուցիոնալ հավատարմագրում առանց ծրագրային հավատարմագրման: Այն շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է որակին»:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան և Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը:

Համաժողովի առաջին օրվա ընթացքում մասնակիցները քննարկել են, թե ինչպիսի գնահատում է ակնկալում բուհից ուսանողը,  գործատուն և դասախոսը: Նաև տեղի են ունեցել աշխատաժողովներ՝  «Ուսանողի առաջընթացի պլանավորում` գնահատման դերը», «Դասավանդման բարելավում`գնահատման համակարգի վերանայման միջոցով», «Կրթական ծրագրերի վերանայում`գնահատման համակարգի բարելավման համատեքստում» թեմաներով։ Ստենդային ներկայացմամբ հանդես է եկել ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դասախոս, ֆիզմաթ գ․դ․պրոֆեսոր Մաքսիմ Մուրադյանը։ Առաջին օրվա աշխատանքներն ավարտվել են Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի ներկայացմամբ։

Համաժողովի երկրորդ օրը մեկարկել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի որակի ապահովման ոլորտի միջազգային փորձի ներկայացմամբ, որին հաջորդել է Հայաստանում առաջիկայում սպասվող կլաստերային աուդիտի նպատակների, չափանիշների, ոլորտների և գործընթացի առաձնահատկությունների քննարկումը: Աուդիտի արդյունքում  ստացած խորհրդատվությունների հիման վրա բուհերը կկարողանան բարելավել իրենց կողմից իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերը:  Բուհերի ներկայացուցիչները կլաստերային աուդիտի չափանիշների և գործընթացի քննարկումը շարունակել են նաև աշխատաժողովներում: Սոցիալական գիտություններին վերաբերող աշխատաժողովը վարել է ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Կարեն Գրիգորյանը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին