Արձանագրելով հերթական հաջողությունը. ՀՊՏՀ դասախոսը՝ սեղանի թենիսի Հայաստանի առաջնության չեմպիոն
Օրերս տեղի է ունեցել Հայաստանի սեղանի թենիսի մեծահասակների 2017թ. անհատական առաջնությունը, որին իր փայլուն մասնակցությունն է ունեցել ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ուսումնական վարպետ, դասախոս Մեսրոպ Ղուկասյանը: Տղամարդկանց առաջնությունում նա, արդեն 7-րդ անգամ, նվաճել է չեմպիոնի կոչումը: Արժանացել է գավաթի, ոսկե մեդալի և դրամական պարգևի:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց դասախոսը՝ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի կազմակերպած առաջնությունը կարևոր միջոցառում է, ամեն տարի համախմբում է մեր երկրի բարձր վարկանիշ ունեցող թենիսիստներին, օգնում պահպանել լավ մարզավիճակը, հարստացնել փորձը:
Մարզիկը պատրաստվում է իր ուժերը փորձել նաև միջազգային ասպարեզում, նախատեսում է մասնակցել սեղանի թենիսի աշխարհի առաջնությանը:
Նշենք, որ Մեսրոպ Ղուկասյանը ՀՊՏՀ սեղանի թենիսի խմբակի մարզիչն է. նա պատրաստ է իր փորձն ուսանող-մարզիկներին փոխանցել և գալիք առաջնություններում հաջողություններ է ակնկալում. «Հույս ունենք, որ այս տարի ուսանողական մարզական խաղերում մեր ուսանողները սեղանի թենիսի առաջնությունում մրցանակային տեղ կզբաղեցնեն: Հաջողության ակնկալինքները հիմնականում մարզական խմբակի տղաներից են»:
Շնորհավորում և հաջողություն ենք մաղթում մեր դասախոսին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բնաժին