Եռանդուն ու պատասխանատու՝ վստահված աշխատանքում. ՀՊՏՀ ներկայացուցիչները՝ «Հայկյան» մրցանակակիրներ

Դիտումների քանակ՝ 2678

Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Հայկյան-2016» մրցանակաբաշխությունը, որին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԵՀ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայկյան» ամենամյա միջոցառումը, որ արժևորում և գնահատում է երիտասարդական ոլորտի լավագույն նախաձեռնությունները, իրենց գործունեությամբ աչքի ընկած կառույցներին և անձանց,  այս տարի նվիրված է եղել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին:

Արարողության ժամանակ շնորհվել են հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին է հանձնել Նախագահ Սերժ Սարգսյանը: 2016թ. ՀՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողներ արժանացել են «Հայկյան-2016» հատուկ մրցանակի: Ուրախությամբ ենք նշում, որ նրանց շարքում է ՀՊՏՀ ուսանող Հարություն Բադալյանը:

«Հայկյան-2016» մրցանակներ են շնորհվել ավանդական դարձած մի շարք անվանակարգերում ևս: «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ» անվանակարգում մրցանակ է ստացել  ՀՊՏՀ ուսանողական խորհրդիի նախագահ Սերգեյ Խառատյանը:

«Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում» անվանակարգում մրցանակ է շնորհվել «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությանը (հիմնադիր-նախագահ՝ Սիրանուշ Պետիկյան): Մրցանակը հանձնվել է կազմակերպության անդամներ, ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Հանրային քաղաքականության և անվտանգության հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող Սոֆյա Օհանյանին և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ Հերմինե Կատվալյանին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սերգեյ Խառատյանը նշեց, որ մրցանակը ոգևորիչ է, և այն ոչ միայն իր, այլև ՈւԽ ամբողջ թիմի աշխատանքի գնահատականն է: Նա խոսեց նաև այս կիսամյակում ուրվագծվող անելիքների մասին. «Մենք շարունակելու ենք աշխատել նույն ձևով՝ եռանդով ու նվիրումով՝ ուշադրության կենտրոնում պահելով ուսանողի շահերը, իրականացնելով սոցիալական ծրագրեր, հանրօգուտ աշխատանք: Մրցանակաբաշխության հաջորդ օրը մեր ուսխորհրդականներն այցելել են Սիսիանի դիրքապահ զորամաս, հանդիպել զինվորների հետ, նվերներ հանձնել նրանց: Գնալու ենք նաև ՊԲ զորամասեր: Ապրիլի 7-ին նախատեսում ենք այցելել ծերանոց՝ շնորհավորելու կանանց տոնը: Սա նախանշվող միջոցառումների մի մասն է միայն: Կանենք ամեն ինչ, որ մրցանակի արժանի կրողը լինենք»:

Սոֆյա Օհանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ընդամենը երկամյա պատմություն ունեցող կառույցը, որը միավորում է Արցախի տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող կամ դրանց լուծմանը նպաստող երիտասարդ գիտնականներին, մասնագետներին, իր գոյության կարճ ժամանակահատվածում արդյունավետ գործունեություն է ծավալել` կլոր սեղաններ, մրցույթներ, ուսուցողական դասընթացներ:

Թեև ներկայումս բավականաչափ բարդ է Արցախում զբաղվել գիտական գործունեությամբ, սակայն կազմակերպության անդամները ամենայն պատասխանատվությամբ ու մեծ նվիրումով փորձում են իրենց գիտելիքներն ու ստեղծագործական ներուժը ներդնել Արցախի պետականության կայացման ու զարգացման գործում` գիտակցելով այն հանգամանքը, որ գիտելիքն է երկրի տնտեսության զարգացման, ազգային անվտանգության ամրապնդման, մրցունակության ու միջազգային հեղինակության բարձրացման երաշխիքը:

Երիտասարդ գիտնականի խոսքով՝ խորհրդանշական է այս պարտավորեցնող մրցանակի հանձնումն արցախյան կազմակերպությանը` որպես Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար դժվարին տարվա ինքնատիպ ամփոփում. «2016 թվականը ԱԵԳՄՄ-ի համար առանձնահատուկ տարի էր: Նախորդ տարվա սեպտեմբերին միավորման նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Արցախի 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խոսուն խորագիրը կրող միջազգային երիտասարդական գիտաժողով, որին մասնակցում էին հեղինակավոր գիտնականներ Գերմանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Հայաստանի գիտական և գիտահետազոտական կենտրոններից: Չնայած հարևան երկրների` Թուրքիայի և Ադրբեջանի հարուցած քարոզչական խոչընդոտներին` գիտաժողովն անցավ գիտական բարձր մակարդակով` աստիճանաբար ընդլայնելով նաև կազմակերպության ներկայացուցչական աշխարհագրությունը. ներկայումս կազմակերպությանն անդամակցում են գիտնականներ և մասնագետներ ոչ միայն Արցախում, այլև ՀՀ-ում և ՌԴ-ում: Գիտաժողովի հաջողությամբ է պայմանավորված նաև միավորման` նման միջոցառումների անցկացման շարունակականության ձգտումը»:

«Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, ստացել են «ԱրմԹաբ» հայկական պլանշետներ։ Միջոցառումն ուղեկցվել է մշակութային գեղեցիկ ծրագրով, բեմում ելույթ են ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմափողային նվագախումբը:

Շնորհավորում ենք ՀՊՏՀ երիտասարդներին և մաղթում, որ մրցանակը ոգևորիչ լինի,  կրկնապատկի նրանց աշխատասիրությունը, նախաձեռնողականությունն ու հասարակությանն օգտակար լինելու մղումը:

Առաջին լուսանկարը՝ ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին