Ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք. բաց դաս՝ ապագա աուդիտորների համար
Աուդիտ մասնագիտության 3-րդ կուրսում «Աուդիտ 1» առարկայի դասն այսօր վարեց «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ փակ բաժնետիրական ընկերության վերստուգող Հայկ Բաբայանը, ում հրավիրել էր առարկան դասավանդող, ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ Վահան Բաբայանը:
Դասին ներկա էին նշված ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, դասախոսներ:
Վահան Բաբայանը հանդես եկավ ողջույնի խոսքով և անդրադառնալով օրերս կայացած, միջազգային որակավորում ունեցող աուդիտոր Արա Չալաբյանի «Ներքին աուդիտ» թեմայով տպավորիչ բանախոսությանը` ուսանողներին կոչ արեց հետևել միջազգային գիտական նորություններին, յուրացնել լավագույն փորձն ու ներդնել մեր երկրում:
Հայկ Բաբայանը, սկսելով դասախոսությունը, իր աշխատանքային փորձի հիման վրա պարզաբանեց կառավարչական որոշումների ընդունման գործընթացում աուդիտի դերը, կազմակերպությունում ոչ ընթացիկ նյութական ակտիվների, ոչ նյութական ակտիվների, ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների, ապրանքային և նյութական պաշարների, դեբիտորական պարտքերի և ընթացիկ ֆինանսական ներդրումների աուդիտի իրականացման առանձնահատկությունները:
Դասն անցավ ինտերակտիվ ձևաչափով, հարցերի միջոցով ևս, ուսանողներն ամրապնդեցին իրենց գիտելիքները:
Մեզ հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Վահան Բաբայանն ասաց՝ նկատի առնելով, որ տեսական գիտելիքին պետք է զուգակցել գործնականը, համապատասխան ոլորտում աշխատող փորձառու մասնագետների բանախոսությամբ դասերի անցկացումը հաճախադեպ է դարձել և, անշուշտ, կոնկրետ կազմակերպության օրինակով թեմայի պարզաբանումն ամրապնդում է ուսանողների գիտելիքները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին