Ապագա ուսանողները ծանոթացան մեր համալսարանին

Դիտումների քանակ՝ 3780

Տնտեսագիտական մայր բուհն այս օրերին գրկաբաց հյուրընկալում է դպրոցականներին՝ վաղվա ուսանողներին, որոնց առաջին ծանոթությունը բուհի հետ ձևավորվում է վառ տպավորություններով: Հյուրերն այսօր Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների տնտեսագիտական հոսքի աշակերտներն էին, որոնք ցանկություն էին հայտնել  մեր համալսարանում գտնվելու. եկել էին ուսմասվար Լաուրա Առաքելյանի և մասնագիտական կողմնորոշման ծրագրի համակարգող Զառա Հարությունյանի ուղեկցությամբ: Ճանաչողական այցը մեկնարկեց շրջայցով. աշակերտները հետաքրքրությամբ ծանոթանում էին բուհի մասնաշենքերին, մարզադահլիճներին, գրադարանին, ուսանողական խորհրդին: Հաջորդիվ ապագա դիմորդների համար տեղեկատվական հանդիպում վարեցին ՀՊՏՀ-ի և դպրոցների համագործակցության ծրագրի համակարգող, լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը, ֆինանսների ամբիոնի ասիստենտ Լուսինե Հարությունյանը և դոցենտ Էդգար Աղաբեկյանը:

Աշակերտները հիմնականում  հետաքրքրված էին ֆինանսական ֆակուլտետով և նախապես ցանկություն էին հայտնել լսել ֆինանսներին առնչվող դասախոսություն:  Հյուրերին ողջունեց ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը, խոսեց ֆակուլտետի մասնագիտությունների, վարձավճարների, զեղչերի մասին: Այնուհետև դոցենտ Էդգար Աղաբեկյանը ներկայացրեց հատուկ աշակերտների համար պատրաստած «Ֆինանսական շուկաներ» խորագրով դասախոսություն՝ ընդհանուր տեղեկություններ հաղորդելով բանկերի, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ֆոնդերի գործունեության մասին: Ունկնդիրներից մեկը հետաքրքրվեց կուտակային կենսաթոշակային համակարգի էության մասին, ինչին ի պատասխան ստացավ սպառիչ պարզաբանում:

Մեր դասախոսները անդրադարձան դիմորդներին հետաքրքրող հիմնական հարցերին՝ ընդունելության կարգ, վարձավճարներ, մասնագիտություններ, սոցիալական աջակցության ծրագրեր: Դպրոցականները բուհից ձեռնունայն չհեռացան. համալսարանի մասին տեղեկատվության հետ միասին իրենց հետ տարան տնտեսագիտական գրքերի նվեր-փաթեթ, որն անշուշտ, օգտակար կլինի ապագա տնտեսագետներին:

Մեզ հետ զրույցում 11-րդ դասարանի աշակերտ Արայիկ Հարությունյանն ասաց, որ հետաքրքրված է ապահովագրություն մասնագիտությամբ և չնայած մեկ տարի ունի առջևում, այնուամենայնիվ, եկել է ծանոթանալու Տնտեսագիտական համալսարանին և հանդիպման ավարտին արդեն ոգևորությամբ ասում էր, որ շատ է ցանկանում դառնալ ՀՊՏՀ ուսանող:

Այսօր ՀՊՏՀ-ն վերակնքել է վերոնշյալ դպրոցի հետ գործակցության հուշագիրը:

Լուսինե Կարագուլյանի փոխանցմամբ՝ ամեն երկուշաբթի կա'մ բուհն է հյուրընկալելու աշակերների, կա'մ դասախոսներն են այցելելու դպրոցներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին