Որակավորված աուդիտոր Արա Չալաբյանը դասախոսեց ՀՊՏՀ-ում
ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչ, նախագահի խորհրդական, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ նախագահ, Երդվյալ որակավորված հաշվապահների, տեղեկատվական համակարգերի աուդիտի և հսկողության ասոցիացիաների անդամ, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի վերջին տարիների լավագույն դասախոս… սա երիտասարդ տնտեսագետ Արա Չալաբյանի աշխատանքային կենսագրության մի մասն է միայն: ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ղեկավար Սուսաննա Չալաբյանի և կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ Արա Չալաբյանը երեկ մեր համալսարանում հանդես եկավ «Ներքին աուդիտ» թեմայով բանախոսությամբ:
Հանդիպմանը ներկա էին Սուսաննա Չալաբյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի, ֆինանսական հաշվառման ամբիոնների վարիչներ Լիանա Գրիգորյանը և Ալվարդ Սարգսյանը, դասախոսներ, ուսանողներ:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Սուսաննա Չալաբյանը, ի սկզբանե նախատեսված է եղել բանախոսությունն անցկացնել Անգլախոսների ակումբի շրջանակում, անգլերենով, սակայն թեման և բանախոսը հետաքրքրել են մեծաթիվ ուսանողների, ուստի որոշվել է դասախոսությունն անցկացնել մայրենիով:
Բանախոսության առանցքային շեշտադրումները ներքին աուդիտի էության, դերի, առաքելության ու ապահոված արդյունքի, ներքին աուդիտորից պահանջվող մասնագիտական որակների վերաբերյալ էին: Արա Չալաբյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ներքին աուդիտն առավելապես զարգացած է բանկային համակարգում, հեռահաղորդակցության ոլորտում:
Այնուհետև տնտեսագետը խոսեց Կենտրոնական բանկում իր աշխատանքային թիմի որդեգրած սկզբունքների մասին՝ կարևորելով համատեղ աշխատանքն ու յուրաքանչյուրի ներդրումը: Ստեղծարարությունը, քննադատական մտածողությունը, օբյեկտիվությունը այն հատկանիշներն են, որ պետք են աուդիտորներին: Անդրադարձ կատարվեց նաև «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» հասարակական կազմակերպության ստեղծման պատմությանը, առաքելությանը: ՀԿ-ն համախմբում է մեր երկրի ներքին աուդիտորներին, կազմակերպում միջոցառումներ ու թրեյնինգներ՝ ծանոթացնելով աշխարհի փորձին:
«Դարձե'ք աշխարհի լիիրավ քաղաքացին, զարգացրեք բիզնեսի լեզուն՝ անգլերենը, շարունակաբար կատարելագործվեք». սա Արա Չալաբյանի հորդորն էր ուսանողներին, որ բխում է սեփական փորձից:
Հանդիպումը եզրափակեց Լիանա Գրիգորյանը՝ հետաքրքիր ու ուսուցողական հանդիպման համար իր և ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հյուրին, առաջարկելով նրան ձևավորել ՀՊՏՀ-ի հետ համագործակցություն՝ հաճախ հանդես գալ դասախոսություններով:
Իսկ Արա Չալաբյանի հարցադրմանը, թե լսարանում քանի հոգի է պատրաստվում աշխատել որպես աուդիտոր, Լիանա Գրիգորյանը արձագանքեց. «Այս հանդիպումից հետո, կարծում եմ՝ շատ-շատերը»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին