«էմոցիոնալ վաճառքներ» խորագրով սեմինար՝ շուկայագետների համար

Դիտումների քանակ՝ 2726

Մարքեթինգ մասնագիտության 2-րդ կուրսում այսօր «Մարքեթինգային գործունեության հոգեբանություն» առարկայի դասը  վարեց բիզնես փորձագետ, Ayvazyan & Partners բիզնեսի  կառավարման ընկերության հիմնադիր Վահե Այվայզյանը, ով մեր համալսարանում էր նշված առարկայի դասախոս, ասիստենտ  Վադիմ Գրիգորյանի հրավերով:

«էմոցիոնալ վաճառքներ»  դասընթացը բանախոսն սկսեց «ի՞նչ է էմոցիոնալ վաճառքը»  հարցադրմամբ, իսկ լսարանն, ի պատասխան,  ներկայացրեց ձևակերպումներ, որոնք  արժանացան բիզնես փորձագետի հավանությանն ու հիացմունքին: Ուսանողները դիպուկ նկատեցին, որ այն անմիջականորեն  առնչվում է նեյրոմարքեթինգին:

Առօրյայում բոլորս ենք էմոցիաներով առաջնորդվելով՝ գնում այս կամ այն ապրանքը, մեր սիրած գույնի, թարմության, կանխակալ վերաբերմունքի (օրինակ, եթե լսել ենք այդ ապրանքի մասին գովազդը). բանախոսը ներկայացրեց օրինակներ, որոնցում ընդգծվում են մարդու վարքը,  ապրումները (հիացմունք, բավականության, հարմարավետության  զգացում), երբ նա ձեռք է բերում որևէ ապրանք: Օրինակ, թանկարժեք հեռախոս կամ կոշիկ  ձեռք բերելիս մարդը հարմարավետ է զգում և նույնիսկ մտածում է դրա հատուկ խնամքի մասին, զգուշորեն է վերաբերվում, որովհետև թանկ է վճարել:

Բիզնես փորձագետը խորհուրդ տվեց անհատապես ճանաչել հաճախորդին, ծանոթ լինել նրա նախասիրություններին, կերպարին, ինչն էլ հնարավորություն կտա իրականացնել  էմոցիոնալ վաճառք՝ մեծացնելով վաճառքի ծավալները:

Մարդկանց էմոցիաների վրա ազդելու հմտությունը մարքեթինգային ժամանակակից գործիքներից է: «Մարդու սեփական էմոցիաները վաճառել իրեն». սա բանախոսի ձևակերպումն  է: Վահե Այվազյանը հատուկ ադրադարձ կատարեց առցանց տիրույթում էմոցիոնալ վաճառքներ իրականացնելու առանձնահատկություններին՝ շեշտելով, որ վաճառքի հիմքում ընկած է 2 գիտություն՝ մաթեմատիկան և հոգեբանությունը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Վահե Այվազյանը կարևորեց, որ ապագա շուկայագետները ծանոթ լինեն ժամանակակից շուկայի պահանջներին, ձևավորեն նորարարական բիզնես մտածելակերպ:  «Վաճառքը, մարքեթինգը և ընդհանրապես, բիզնեսը հարաբերություն է մարդու և մարդու միջև, ուստի հաջող բիզնեսի համար անհրաժեշտ է ճանաչել մարդուն»,-եզրափակեց փորձագետը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին