ՀՊՏՀ-ն՝ eDrone նախագծի մասնակից
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկնարկել է eDrone նախագիծը, որին մասնակցում են հայաստանյան երկու համալսարաններ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, մի շարք արտասահմանյան համալսարաններ՝ իտալական, ֆրանսիական, լեհական, ռումինական, վրացական, մոլդովական և բելառուսական: Ընդհանուր առմամբ կոնսորցիումի գործընկեր համալսարանների թիվը 17 է: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից:
Նախագծի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում` փետրվարի 14-ին: Բացման արարողությանը ելույթով հանդես են եկել ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչուլլին, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրերի համակարգող Լանա Կառլովան, eDrone նախագծի համակարգող, Սաննիոյի (Իտալիա) համալսարանի պրոֆեսոր Պասկալ Դապոնտեն, ՀԱՊՀ-ի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը: Բացման արարողությանը անմիջապես հաջորդել են մասնակից համալսարանների ներկայացուցիչների պրեզենտացիոն զեկույցներն ու քննարկումները: ՀՊՏՀ-ն ներկայացնող շնորհանդեսով հանդես է եկել արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը:
eDrone նախագծի նպատակը նոր ուսումնական միջավայի հիմնումն է, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացման հնարավորությունների ընդլայնմանը: Այս նոր կարողությունները մասնավորապես առնչվում են տեղեկատվական համակարգերի տեխնոլոգիաների օգտագործմանը, որոնք կնպաստեն մասնագիտական հմտությունների օպտիմալացմանը: Արտաքին կապերի բաժնից ընդգծում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործողությունները ծրագրի շրջանակներում հիմնականոմ միտված են լինելու մարքեթինգային աջակցության տրամադրմանը՝ հաշվի առնելով, որ ծրագրի գործընկերների հիմնական մասը տեխնիկական բուհեր են:
Լուսանկարները՝ արտաքին կապերի բաժնից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապեր բաժին