«Հետազոտության մեթոդաբանություն» թեման՝ Բեդֆորդշայրի համալսարանի դասախոսի մատուցմամբ

Դիտումների քանակ՝ 3522

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեր համալսարանում հյուրընկալվել է Մեծ Բրիտանիայի Բեդֆորդշայրի համալսարանի դասախոս, դոկտոր Կիրիլ Շարապովը, ով այս օրերին հանդես է գալիս «Հետազոտության մեթոդաբանություն» թեմայով դասախոսությամբ: ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր նրա բանախոսությունը համախմբել էր տարբեր մասնագիտություններ ուսումնասիրող ուսանողների, ասպիրանտների: Մասնակիցների թվում էին օտարերկրացի ուսանողներ:  Հանդիպումը կազմակերպել էր արտաքին կապերի բաժինը: Արտասահմանցի հյուրին ներկայացրեց արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը և խոսքը տրամադրեց նրան:

Կիրիլ Շարապովը  Բերդֆորշայրի համալսարանում սոցիոլոգիայի ավագ դասախոս է,  երեխաների և երիտասարդների ծառայությունների մասնագիտական դոկտորական ծրագրի ղեկավար (Programme Director of the Professional Doctorate in Children and Young People's Services): «Էրազմուս+» ծրագրի շրջանակում նա Բեդֆորդշայրի համալսարանում Հայաստանի, Ուկրաինայի, Ճապոնիայի բուհերի հետ համագործակցության պատասխանատուն է: Բանախոսը նախ անդրադարձավ  իր համալսարանին՝ խոսելով կրթական ծրագրերի, արտասահմանցի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակների (մասնավորապես մագիստրոսական և ասպիրանտական), հետազոտական գործունեության մասին: Հաջորդիվ ներկայացրեց իր գիտական հետաքրքրությունների  շրջանակը՝ մարդու իրավունքների պաշտպանություն, թրաֆիքինգ, միգրացիոն խնդիրներ:

Այս համատեքստում դոկտոր Շարապովը կանգ առավ իր գիտահետազոտական գործունեության ու փորձի վրա: Բանախոսության երկրորդ հատվածում դիտարկվեց հետազոտության մեթոդաբանությունը՝ թեմայի ընտրություն և  ուսումնասիրություն, տեղեկատվության հավաքագրման և գիտելիքի ձեռքբերման  եղանակներ և այլն: Հատուկ շեշտադրում կատարվեց սոցիոլոգիայում կիրառվող հետազոտության համեմատական մեթոդոլոգիայի վրա, որը հնարավորություն է ընձեռում վեր հանել հետազոտվող առարկայի  առանձնահատկությունները:

Հանդիպման ավարտին դասախոսը պատասխանեց ունկնդիրների հարցերին, ակտիվ հարցադրումներով հանդես եկան մեր օտարերկրացի ուսանողները:

Ինչպես տեղեկացրին արտաքին կապերի բաժնից՝ երեկ Կիրիլ Շարապովը բանախոսել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնում (տես՝ լուսանկարները), իսկ առաջիկայում կբանախոսի նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի և Գյումրու մասնաճյուղերում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին