Պարգևներ՝ հայաստանյան բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոսներին. ամփոփվեց «Դասախոսական գավաթ» առաջնությունը

Դիտումների քանակ՝ 1616

Ավելի քան մեկ շաբաթ է՝  մարզական խանդավառությամբ են համակված հայաստանյան 10 բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների ներկայացուցիչները: ՀՊՏՀ նախաձեռնությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի աջակցությամբ,  արդեն 4-րդ տարին,  անցկացվեց «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական առաջնությունը, որն այս տարի համախմբել էր  Տնտեսագիտական, Ագրարային, Լեզվահասարակագիտական, Սլավոնական, Մանկավարժական, Ամերիկյան, Բժշկական, Պոլիտեխնիկական, Ճարտարապետության և շինարարության համալսարանները, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը:

Հունվարի 27-ին մեկնարկած առաջնությունը  հանդիսավոր պարգևատրման արարողությամբ եզրափակվեց այսօր՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության  ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի,  ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի, մասնակից բուհերի ներկայացուցիչների, մարզասերների մասնակցությամբ:

Ելույթ ունեցավ Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով, որ արդեն ավանդական դարձած միջբուհական խաղերի շրջանակը տարեցտարի ընդլայնվում է: Ամբիոնի ղեկավարն ընդգծեց, որ առաջնության անցկացմանը մեծապես  աջակցում են ռեկտոր Կորյուն Աթոյանը, Հայաստանի երիտասարդական  հիմնադրամը:

Այնուհետև ներկայացվեց «ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի անցած ուղին» ուսումնամեթոդական ձեռնարկը, որն օրերս է լույս տեսել, համահեղինակել են պրոֆեսոր Լյովա Սամվելյանը և  դոցենտ Հովհաննես Գաբրիելյանը: Ձեռնարկի մասին մանրամասներ կարդացեք մեր նախորդ հրապարակման մեջ:

Առաջնության 4՝ շախմատի, վոլեյբոլի, հրաձգության, սեղանի թենիսի մրցաձևերում 1-3 մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին պարգևները հանձնեցին  ռեկտոր Կորյուն Աթոյանը և Կարեն Ավագյանը: Առաջին տեղը զբաղեցրածներն արժանացան գավաթի, պատվոգրի և խորհրդանշական մրցանակների: Մրցանակային պատկերը հետևյալն է.

Շախմատի առաջնություն

1-ին տեղ՝ Մանկավարժական  համալսարան

2-րդ տեղ՝ Ագրարային համալսարան

3-րդ տեղ՝ Տնտեսագիտական համալսարան

Հրաձգության առաջնություն

1-ին տեղ՝ Մանկավարժական համալսարան

2-րդ տեղ՝ Բժշկական համալսարան

3-րդ տեղ՝ Ամերիկյան համալսարան

Վոլեյբոլի առաջնություն

1-ին տեղ՝ Ֆիզիկական կուլտուրայի  և սպորտի  ինստիտուտ

2-րդ տեղ՝ Ագրարային համալսարան

3-րդ տեղ՝ Մանկավարժական համալսարան

Սեղանի թենիսի առաջնություն

1-ին տեղ՝ Պոլիտեխնիկական համալսարան

2-րդ տեղ՝ Սլավոնական համալսարան

3-րդ տեղ՝ Լեզվահասարակագիտական համալսարան

Միջոցառման ավարտին Հայաստանի  վոլեյբոլի  ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ֆեդերացիայի հետ համագործակցության համար  խորհրդանշական մրցանակ հանձնեց ռեկտոր Կորյուն Աթոյանին:

Շնորհավորում ենք հաղթողներին և մասնակիցներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին