Նոր ուսումնամեթոդական ձեռնարկ՝ նվիրված ֆիզդաստիարակության ամբիոնի գործունեությանը

Դիտումների քանակ՝ 1923

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի անցած ուղին ամփոփվել է «ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի անցած ուղին» ուսումնամեթոդական ձեռնարկում, որը համահեղինակել են մանկավարժական գիտությունների թեկնածուներ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր Լյովա Սամվելյանը և ամբիոնի ղեկավար, դոցենտ Հովհաննես Գաբրիելյանը:

Ձեռնարկի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական առաջնության հանդիսավոր փակման ընթացքում: Լյովա Սամվելյանը ձեռնարկի մի օրինակ նվիրեց ռեկտոր Կորյուն Աթոյանին, այնուհետև նաև    առաջնության մասնակից բուհերի ներկայացուցիչներին:

Ձեռնարկի ծանոթագրությունում հաղորդվում է՝ «գիտամանկավարժական երկարամյա աշխատանքային փորձի, ուսումնասիրությունների, մրցումային արձանագրությունների վերլուծության, հոդվածների և հիշողությունների հինան վրա հեղինակներն ամփոփել են համալսարանի 41-ամյա պատմական իրողությունները: Ամփոփագրում տեղ են գտել նաև ՀՊՏՀ մարզաառողջարարական ճամբարի ստեղծումը և հասարակական ու կազմակերպչական այլ աշխատաքներ»:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Լյովա Սամվելյանն ասաց՝ գրքի նյութերն  ամփոփ, բայց համապարփակ տեղեկություններ են 1975թ-ից մինչ մեր օրերն ընկած ժամանակահատվածում ֆիզդաստիարակության  ամբիոնի գործունեության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների մասնագիտական հմտությունների մասին. ձեռքբերումներ ու հաջողություններ, նորամուծություններ, համալսարանական սպորտի զարգացման մեջ ներդրում և այլն:

«Շուրջ 130 գիտական աշխատանքների հեղինակ եմ և այս ձեռնարկի հրատարակումն  ինձ համար առանձնահատուկ էր նրանով, որ ամբողջացնում է իմ երկարամյա մասնագիտական գործունեությանն առնչվող հիշողությունները, փաստերը,  փորձը, մտքերը: 38 տարի անընդմեջ ղեկավարել եմ ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնը, եղել եմ «Տնտեսագետ» մարզաառողջարանի հիմնադիրներից»,-ասաց պրոֆեսորը:

Հովհաննես Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ներկայացրել է ամբիոնի վերջին տարիների գործունեությունը՝ նոր ձևաչափի միջոցառումներ, նախաձեռնություններ, ձեռքբերումներ:

Հետաքրքրական է, որ գրքում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականին՝ որպես համալսարանական բացառիկ թիմ, որը զգալի հաջողություններ է արձանագրել: Այս կապակցությամբ, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը  ձեռնարկում նշել է. «Սա իսկապես եզակի դեպք է, երբ նման փոքր հանրապետության համալսարանի թիմ մասնակցում է համաեվրոպական առաջնության: Ավելին՝ շահում է «Լավագույն ռմբարկու»-ի գավաթը: Ոչ միայն ես, այլև ամբողջ համալսարանը պատրաստ է աջակցելու մեր ուսանողների բոլոր դրական նախաձեռնություններին՝ անկախ նրանից, թե որ ոլորտում կլինեն դրանք՝ սպորտի, կրթության, գիտության, մշակույթի, թե այլ, որովհետև դա բուհի պատիվն է, բուհի հեղինակությունն է: Այսօր աշխարհն այլ է, հնարավորություններն այլ են, և մրցունակ լինելու համար հարկավոր է հաջողություններ կերտել բոլոր ուղղություններով»:

Ուշագրավ է՝ ձեռնարկի էջերից մեկը նվիրված է ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի լուսանկարիչ Ռազմիկ Խաչատրյանին, ով երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում միշտ եղել է ֆիզդաստիարակության ամբիոնի կողքին և օգնել լուսանկարների միջոցով ստեղծելու մի պատմություն, որի ակունքները գալիս են դեռևս 4 տասնամյակ առաջ:

Շնորհավորում ենք հեղինակներին և մաղթում հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին