Անգլերենի նոր ձեռնարկ՝ տնտեսագետ ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 2892

Մեր համալսարանի լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ և գիտական խորհրդի երաշխավորությամբ, նույն ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Անուշ Խաչատրյանի, դասախոսներ Լիլիթ Ղազարյանի և Ժաննա Միդոյանի հեղինակությամբ լույս է տեսել Environmental economics («Բնապահպանության տնտեսագիտություն») ուսումնական ձեռնարկը՝ նախատեսված տնտեսագետ ուսանողների, բնօգտագործման, բնապահպանության ոլորտում աշխատող մասնագետների համար: Մասնագիտական խմբագիրն է լեզուների ամբիոնի ղեկավարը՝ բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանը:

Ձեռնարկը բաղկացած է բնօգտագործման և շրջակա միջավայրի տնտեսագիտության առանցքային հասկացություններին վերաբերող 20 դասից, որոնցից յուրաքանչյուրի վերջում զետեղված են վարժություններ, գիտական գրականության մեջ հանդիպող բառերի մասնագիտական եզրերի անգլերեն-հայերեն բառացանկ, զետեղված են նաև դերային խաղեր, ինչպես նաև ընդլայնված բառարան:

Գրքի ստեղծման աշխատանքում հեղինակների խմբին իրենց աջակցությունն են ցուցաբերել բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը և նույն ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գագիկ Աղաջանյանը:

Շնորհավորում ենք լեզուների ամբիոնի մեր գործընկերների մտքի ու գործունեության հերթական արգասիքը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին