Միջազգային ծրագրերի ներկայացում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 1961

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի և Գյումրու մասնաճյուղի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել հանդիպում, որի արդյունքում ներկայացվել են այն բոլոր հնարավորությունները, որոնք առաջարկվում են ՀՊՏՀ ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների համար, այդ թվում՝ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի համար: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ նշելով, որ հավասարապես երկու մասնաճյուղերի ներկայացուցիչները կարող են դիմել այն բոլոր ծրագրերին, որոնք այս պահին հասանելի են: Նախնական տեղեկատվություն է տրամադրվել դիմելու կարգի (ինչպես, ովքեր և ինչ ժամկետներում կարող են դիմել), ծրագրերի ընթացքի և բոլոր այլ մանրամասների մասին, որից հետո որոշում է կայացվել Գյումրու մասնաճյուղի պրոֆեսրդասախոսական կազմի և աշխատակազմի համար կազմակերպել հանդիպումը:

Հունվարի 30-ին արդեն ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում-քննարկում` միջազգային ծրագրերի, առկա հնարավորությունների և դրանց հնարավոր մասնակցության վերաբերյալ: Հանդիպմանը ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի  վարչական աշխատակազմի ներկայացուցիչները:  Տեղեկատվական հանդիպման ընթացքում ներկայացվել են առկա 2 հնարավորության` Լեհաստանի Պոզնանի և Պորտուգալիայի Պորտոյի համալսարանների հետ համատեղ ծրագրերը, որոնց շրջանակներում ՀՊՏՀ դասախոսներին և վարչական աշխատակիցներին հնարավորություն կտրվի մեկ շաբաթով մասնագիտական փորձառություն անցնելու վերոնշյալ համալսարաններում:

Ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում տրվեցին ներկա գտնվողներին հուզող  հարցերի պատասխանները:

Մեր գործընկերները հիշեցնում են,  որ մասնաճյուղի ուսանողների հետ նման հանդիպում կազմակերպվել էր նաև նախորդ տարվա վերջին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին