Տպագրված հոդված և մասնակցության հավաստագիր՝ ՀՊՏՀ ներկայացուցչին
Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արսեն Պետրոսյանը օրերս արժանացել է «Գիտության հիմնախնդիրներ» հրատարակչության և «Ժամանակակից նորաստեղծություններ» գիտամեթոդական ամսագրի կողմից կազմակերպված գիտաժողովի մասնակցի հավաստագրին, ինչպես նաև ստացել է պարբերականը, որտեղ ներկայացված է նրա հոդվածը՝ «Կայուն զարգացման նորաստեղծական բաղկացուցչի արդյունավետությունը» վերնագրով:
«Ժամանակակից նորաստեղծություններ. տեսությունից պրակտիկա» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը կայացել է դեկտեմբերի 17-ին Մոսկվայում՝ իր շուրջը համախմբելով երիտասարդ գիտնականների Ռուսաստանի Դաշնությունից՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Սարատովից, Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից:
Մեր համալսարանը ներկայացնող Արսեն Պետրոսյանը մասնակցել է գիտաժողովի տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքին, որտեղ քննարկվել են տնտեսագիտության արդի հիմնախնդիրներ՝ նորաստեղծության ծախսերի հաշվարկի մոդել, վենչուրային ներդրումների զարգացում, հաշվապահական և հարկային հաշվառում, ազատ առևտրի զարգացում և այլն:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արսեն Պետրոսյանը նշեց. «Իմ հոդվածը նվիրված է նորաստեղծական բաղկացուցչի արդյունավետությանը: Քննարկվել են ԱՊՀ երկրներում նորաստեղծությունների զարգացման հիմնական խոչընդոտները, մասնավորապես վեր են հանվել Հայաստանի Հանրապետությունում տվյալ հիմնախնդրի լուծման ուղիները:
Որպես հիմնական խոչընդոտ նշվել է գիտական հետազոտությունների վրա կատարված ծախսերի ոչ ռացիոնալ բաշխվածությունը, գիտելիքահենքության ցածր մակարդակը: Անդրադարձ է կատարվել ֆինանսական աղբյուրների կառուցվածքին, արձանագրվել է, որ մեր հանրապետությունում նկատվում է նշված ծախսերի նվազման միտում»:
Արսեն Պետրոսյանը համոզմունք է հայտնում, որ ԱՊՀ երկրների նորաստեղծական ներուժը կարող է զարգանալ համատեղ ջանքերով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին