ՀՊՏՀ-ում խրախուսվում է գիտահետազոտական աշխատանքի կատարումը. հերթական դեպքը վերաբերում է մագիստրանտներին

Դիտումների քանակ՝ 1660

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, հավատարիմ որդեգրած մոտեցմանը, շարունակում է խրախուսել գիտահետազոտական աշխատանք կատարող ուսանողներին: Ուրախությամբ տեղեկացանք, որ այս անգամ խոսքը վերաբերում է  տարեվերջին շնորհանդեսներով համալսարանական հանրությանը ներկայացած հետևյալ խմբերին՝  տնտեսության կարգավորում, մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացումների ուսանողներին, որոնք մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ծովինար Կարապետյանի ղեկավարությամբ կատարել էին «Գրաֆենը և ինովացիոն տնտեսության ձևավորման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով հետազոտություն և  բիզնեսի կազմակերպում մասնագիտացման  ուսանողները, որոնք կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ղեկավար, դոցենտ Միքայել Մարդումյանի գիտական ղեկավարությամբ իրականացրել էին «ՀՀ զվարճանքի ծա­ռայությունների շուկայի վերլուծություն» և «ՀՀ սգո (ռիտուալ) ծառայու­թյուն­ների շուկայի վերլուծություն» հետազոտական աշխատանքները (շնորհանդեսների լուսաբանումներին ծանոթացեք ակտիվ հղումներով):

Ռեկտոր Կորյուն Աթոյանի հրամանով այս խմբերում ներգրավված մի քանի տասնյակ ուսանողներն ու նրանց ղեկավարները օրերս խրախուսվել են:  Այս առիթով լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց մակրոէկոնոմիկայի և կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնների ղեկավարներ  Թաթուլ Մկրտչյանի և Միքայել Մարդումյանի հետ: Նրանք իրենց ուրախությունն ու երախտագիտությունը հայտնեցին համալսարանի ռեկտորին՝ ուսանողների աշխատանքը գնահատելու, ու նաև այս  ձևով նրանց գիտահետազոտական աշխատանքի շահամիտելու համար: Ամբիոնի ղեկավարների խոսքով՝ հետազոտական աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունն ուսանողին ուղղորդում է գիտության ասպարեզ, ասպիրանտական կրթություն:

«Ըստ էության, ուսանողներին (մագիստրանտներին)  հետազոտական աշխատանքում ներգրավելու նախաձեռնությունը միտված է նաև նրանց  թիմային, միասնական  աշխատանքին. շատ կարևոր է, երբ դասախոսը կարողանում է ուսանողի մոտ հետաքրքրություն առաջացնել, մղել հետազոտական աշխատանքի: Կարևոր է այն հանգամանքը, որ տնտեսության պետական կարգավորում և մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացումների բոլոր՝ 26 մագիստրանտները ներգրավված են հետազոտական աշխատանքում: Այսինքն, անկախ առաջադիմությունից, հետազոտություն կատարում են բոլորը: Մագիստրանտները  շատ խանդավառված են, նախատեսվում է խորացնել հետազոտությունը և  վերջնարդյունքը տպագրել»,-ասաց  Թաթուլ Մկրտչյանը

Միքայել Մարդումյանը ևս ընդգծեց, որ մագիստրոսական խմբի բոլոր՝ 15 ուսանողներն են ներգրավվել հետազոտական աշխատանքում, ինչը նպատակ ունի նաև զարգացնելու թիմային աշխատանք կատարելու հմտությունները, հռետորական ունակությունները (լսարանի առջև ելույթ ունենալու) և այլն:

«Երբ ուսանողներին առաջարկեցի թիմային հետազոտական աշխատանք կատարել, նրանք միանգամից ողջունեցին գաղափարը և սկսվեց մեր համատեղ աշխատանքը: Հետաքրքիր էր թեմաների ընտրությունը՝ զվարճանքի ծա­ռայությունների և սգո ծառայու­թյուն­ների շուկաներ. բոլորս ենք  կյանքում առնչվում նշված շուկաներին և հետազոտությունն այս առումով արդեն հետաքրքրական է: Ուսանողները ոգևորված են, որ աշխատանքը գնահատվում է բուհի ղեկավարության կողմից, լուսաբանվում է, տարբեր ձևերով խրախուսվում է», -նշեց ամբիոնի ղեկավարը՝ հավելելով, որ հետազոտական աշխատանքը շարունակական է և մի հետազոտությունից ծնվում են գաղափարներ ու նոր թեմաներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին