Կայացավ «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնության հանդիսավոր բացումը

Դիտումների քանակ՝ 1645

Արդեն 4-րդ տարին է՝ ՀՊՏՀ նախաձեռնությամբ կազմակերպվում է «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնությունը, որի  մարզական  հարթակում համախմբվում են հայաստանյան տարբեր բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնի ներկայացուցիչներ՝ դասախոսներ:

«Դասախոսական գավաթ-2017»-ը շախմատի առաջնությամբ մեկնարկել է հունվարի 27-ին, իսկ հանդիսավոր բացումն այսօր էր, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, նշված  ամբիոնի ներկայացուցիչները, դասախոսներ, մարզասերներ:

Բացման խոսքով հանդես եկավ Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով, որ ավանդական դարձած առաջնությանն այս տարի մասնակցում են  հայաստանյան 10 բուհերի թիմեր: Շքերթով դահլիճ մտան մասնակից-թիմերը, ապա ամբիոնի ղեկավարը հավելեց, որ առաջնություններ կանցկացվեն  4 մարզաձևից  (շախմատ, հրաձգություն, վոլեյբոլ, սեղանի թենիս), օրերս կայացել են շախմատի և հրաձգության առաջնությունները:

Մասնակիցներին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը. «Մեր համալսարանը արդեն որերորդ տարին հանդես է գալիս հայաստանյան բուհերին համախմբող նախաձեռնությամբ՝ մարզական խաղերի շուրջ հավաքելով տարբեր բուհերի դասախոսների»,-ասաց ռեկտորը՝ հույս հայտնելով, որ նմանօրինակ միջոցառումները ոչ միայն փորձի փոխանակման, նորի ընդօրինակման առիթ կդառնան, այլև կձևավորեն գործընկերային լավ հարաբերություններ:

Տեղեկացնենք, որ հունվարի 27-ին Ագրարային համալսարանի շախմատի թանգարանում անցկացված առաջնությունում 1-3-րդ մրցանակային տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Մանկավարժական, Ագրարային, Տնտեսագիտական համալսարանների թիմերը:  Իսկ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, ՀՊՏՀ հրաձգարանում  կայացած հրաձգության առաջնությունում 1-3 տեղերն են զբաղեցրել Մանկավարժական, Բժշկական, Ամերիկյան համալսարանների թիմերը:

Այսօր մեկնարկել է վոլեյբոլի առաջնությունը, որը կանցկացվի առաջիկա օրերին,  շաբաթվա վերջին թիմերն ուժերը կփորձեն նաև սեղանի թենիս մարզաձևում: Բոլոր հաղթողները կպարգևատրվեն առաջնության փակման հանդիսավոր արարողության ընթացքում, որը կկայանա փետրվարի 3-ին:

Հիշեցնենք, որ «Դասախոսական գավաթ-2017»-ի անցկացմանն աջակցում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան, ինչպես նաև ՀՊՏՀ արհկոմիտեն:

Մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին