Փորձագիտական այց ՀՊՏՀ՝ ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) մասնագետները երեկվանից փորձագիտական այցով ՀՊՏՀ-ում են՝ իրականացնելու ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շահակից բուհերի արտաքին գնահատման գործընթացը: Այցի նպատակն է գնահատել բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի արդյունավետությունը և GOVERN ծրագրի արդյունքները: Խմբի անդամներն են՝ Ռիչարդ Կորֆը՝ Գերմանիայի Մյունսթերի համալսարանից, Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մայքլ Մեյերը, ՈԱԱԿ փորձագետ Լիլիթ Պիպոյանը, Սիրանուշ Խաչատրյանը՝ Գավառի պետական համալսարանից և ԵՊՀ ուսանող Դիանա Կարապետյանը:
Փորձագիտական խումբն այսօր հանդիպեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հետ: Խմբի ղեկավար Ռիչարդ Կորֆը համալսարանի ռեկտորին ներկայացրեց ՀՊՏՀ-ում իրենց հանդիպումների արդյունքները, շեշտադրեց, որ համալսարանի աշխատակիցները լավ էին տեղեկացված ծրագրի մասին, ընդգծեց GOVERN ծրագրի առանձնահատկությունը, այն է՝ ծրագիրն առնչվում է համալսարանի գործունեության բոլոր ուղղություններին և ստորաբաժանումներին, բարձր գնահատեց ՀՊՏՀ ռազմավարական զարգացման ծրագիրը և տարեկան պլանը, դրական որակեց ծրագրի իրագործմանը միտված համալսարանի անձնակազմի ջանքերը: Ամփոփելով այցի արդյունքները՝ փորձագետները շնորհակալություն հայտնեցին ռեկտոր Կորյուն Աթոյանին և հույս հայտնեցին, որ ՀՊՏՀ հետ համագործակցությունը կլինի շարունակական:
ՀՊՏՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց փորձագիտական այցի և գնահատականների համար, ապա կարծիք հայտնեց, որ նման ծրագրերին մասնակցելը պատիվ է հայաստանյան բոլոր բուհերի համար: Ընդգծելով, որ ՀՊՏՀ-ն շատ է կարևորում միջազգային նման ծրագրերին մասնակցությունը՝ համալսարանի ղեկավարը նշեց, որ թեև կրթության ոլորտում շատ բարեփոխումներ են արվել, սակայն դեռ շատ անելիքներ կան կրթության որակի բարելավման, ուսանողակենտրոն կրթօջախ դառնալու գործում: Կրթության ոլորտի բարեփոխումները, սակայն, ռեկտորի խոսքով, պետք է լինեն դանդաղ և էվոլյուցիոն ճանապարհով:
ՀՊՏՀ ուսումնական բաժնի ուսումնամեթոդական աշխատանքների ծառայության ղեկավար Գայանե Մերդինյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ GOVERN-ը (Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում՝ արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով) եռամյա ազգային ծրագիր է, որի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել Բոլոնիայի օրակարգին համահունչ արդյունավետ կառուցվածքային փոփոխությունները, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը:
GOVERN ծրագրի շրջանակներում աշխատանքային խմբի կողմից իրականացվել է ՀՊՏՀ ինքնավերլուծություն ASIIN-ի ձևաչափով, որն ուղարկվել է ՈԱԱԿ և ASIIN ուսումնասիրության: Ուսումնասիրելուց հետո փորձագիտական այց է կազմակերպվել ՀՊՏՀ 24.01.2017-25.01.2017, որին մասնակցել են տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, դեկաններ, կրթական ծրագրի ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին