ՀՊՏՀ ներկայացուցիչների հոդվածը՝ “Содружество” գիտական ամսագրում
ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտներ Գայանե Ավագյանի, Քնարիկ Վարդանյանի և նույն ամբիոնի ասպիրանտ Վազգեն Պողոսյանի համահեղինակած հոդվածը լույս է տեսել ռուս-չինական “Содружество” գիտական ամսագրի 2016թ. վերջին համարում, «Տնտեսագիտություն» խորագրի ներքո:
Մեր համալսարանի գիտնականների հետազոտությունը «ՀՀ-ում փոխարժեքի և տնտեսական մրցունակությունը բնութագրող ցուցանիշների փոխկապակցվածությունների մեկնաբանումը՝ սխալների ուղղման վեկտորային մոդելի օգնությամբ» թեմայով է:
Աշխատանքում էկոնոմետրիկ մոդելների օգնությամբ բացահայտվել են իրական արդյունավետ փոխարժեքի և տնտեսական մրցունակության փոխկապվածությունները ՀՀ-ում, գնահատվել են իրական արդյունավետ փոխարժեքի վրա տնտեսական մրցունակության որոշ գործոնների շոկային, ինչպես նաև հակադարձ ազդեցությունները, կանխատեսվել է իրական արդյունավետ փոխարժեքի և տնտեսական մրցունակությունը բնութագրող ցուցանիշների վարքագիծը միջնաժամկետում՝ որոշակի վստահելիության միջակայքում:
«Վերջին տարիներին տնտեսության մրցունակության ապահովումը դարձել է ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրների տնտեսական քաղաքականության հիմնական թիրախներից մեկը: Համաշխարհային շուկաներում մրցակցության խորացումը, ֆինանսատնտեսական ոչ կայուն իրավիճակը և մի շարք այլ բացասական գործոններ պետություններին ստիպում են փնտրել կայուն տնտեսական զարգացման նոր ուղիներ՝ առկա մրցակցային առավելությունների օգտագործման համար, ինչպես նաև մշակել մեխանիզմներ օտարերկրյա ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավման միջոցով արտադրության արդիականացման և մրցունակ արտադրանքի թողարկման նպատակով»,-մեզ հետ զրույցում նշեց Գայանե Ավագյանը:
Հոդվածը կարող եք կարդալ ամսագրի էլէկտրոնային տարբերակում, հետևյալ հղումով՝ rf-china-science.ru/wp-content/uploads/2016/11/Sodrujestvo_7.pdf :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին