Ավագ դպրոցների հետ համագործակցությունը սերտանում է. մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի նախաձեռնությունը
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը՝ դեկան Թաթուլ Մկրտչյանի գլխավորությամբ, հանդես է եկել ավագ դպրոցների հետ համագործակցության սերտացմանը միտված հերթական նախաձեռնությամբ: Ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարմեն Գրիգորյանը, մարքեթինգի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը և նույն ամբիոնի լաբորանտ Մանուշ Քալանթարյանն այսօր այցելել են Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Կարմեն Գրիգորյանը հայտնեց, որ այցի ընթացքում իրենք հանդիպել են դպրոցի տնտեսագիտական հոսքի 3 տարբեր դասարանների աշակերտների հետ, ներկայացրել են համալսարանը, ենթակառուցվածքները:
«Անցած տարի մեզ մոտ շրջայցի էինք հրավիրել նույն դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների, այնպես որ, այս դպրոցի հետ մեր ֆակուլտետի համագործակցությունը նոր չէ: Այսօր շնորհանդեսներով ներկայացրեցինք մեր համալսարանը, կառուցվածքը, հնարավորությունները, ֆակուլտետները, մասնագիտությունները: Աշակերտները տպավորված էին, հատկապես «Ամբերդ» հետազոտական կենտրոնով, մարզադահլիճներով, հրաձգարանով, հետաքրքրվեցին նաև մեր մասնագիտությունների մրցունակությամբ, միջազգային ծրագրերով»,- ասաց Կարմեն Գրիգորյանը: Նա նաև տեղեկացրեց, որ աշակերտներին են նվիրել մեր գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի կողմից հատկացված տնտեսագիտական գրքեր,ամսագրեր, լրատության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից տրված «Տնտեսագետ» ամսագրի համարներ:
Մարքեթինգի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը աշակերտներին է ներկայացրել մարքեթինգ գիտությունը, մարքեթինգ առարկայի առանձնահատկությունները, նրա անհրաժեշտությունը տնտեսության ամենատարբեր բնագավառներում, ուսուցման այն մոտեցումներն ու մեթոդները և այն առարկաները, որոնք ուսուցանվում են Տնտեսագիտական համալսարանում և նպաստում են մարքեթոլոգի պատրաստման գործընթացին:
Նշենք, որ ավագ դպրոցների հետ ֆակուլտետի հանդիպումները պարբերական բնույթ են կրում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին