ՀՊՏՀ 17 ուսանող «Էրասմուս+» ծրագրով կուսանի արտերկրում. հանդիպում համալսարանի ղեկավարության հետ

Դիտումների քանակ՝ 1979

2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակը 17 ՀՊՏՀ-ականի համար առանձնահատուկ կլինի.  «Էրասմուս+» ծրագրի մրցույթը հաղթահարած ուսանողների (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) հերթական խումբը 1 կիսամյակ կուսանի եվրոպական բուհերում: ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ֆակուլտետների դեկաններն ու տեղակալները, արտաքին կապերի աշխատակազմը   այսօր հանդիպեցին մեկնող ուսանողներին և նրանց ծնողներին:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի անունից  շնորհավորեց ուսանողներին և նրանց ծնողներին՝ նշելով, որ օբյեկտիվորեն ընտրվել են բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենի մրցույթը հաղթահարած ուսանողները:

«Ուսանելով արտերկրում՝ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու եվրոպական համալսարանների փորձին, համեմատելու այն մեր համալսարանի հետ, ինչպես նաև ներկայացնելու հայկական մշակույթը»,-ասաց ռեկտորը՝ միաժամանակ կարևորելով նման բարձր առաջադիմությամբ ուսանողներ ունենալու հանգամանքը:

Պրոռեկտորները, արտաքին կապերի բաժնի աշխատակիցները խոսեցին մի շարք կազմակերպական հարցերի մասին: Մասնավորապես կրեդիտների փոխճանաչման և առարկայական տարբերությունների հետ կապված հարցերը պարզաբանեց ուսումնամեթոդական աշխանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը՝ շեշտելով. «Մեր համալսարանի պատիվը ձեր ձեռքերում է»: Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանն ընդգծեց՝ ծրագիրը հնարավորություն է ընձեռում հաղորդակից լինել եվրոպական առաջատար համալսարանների փորձին:  Ամփոփելով ՀՊՏՀ աշխատանքը «Էրասմուս+»-ի շրջանակում՝ պրոռեկտորը նշեց, որ հսկայական աշխատանք է կատարվում և առաջիկայում ընդլայնվելու է գործընկեր համալսարանների շրջանակը:

Արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը ուշադրություն հրավիրեց ընթացակարգային մի շարք հարցերի վրա և ներկայացրեց անհրաժեշտ պարզաբանումներ: Նույն բաժնի աշխատակից, ասպիրանտ Մարգարիտ Մարուքյանը, ով «Էրասմուս+»-ի շահառու է և նոր է վերադարձել արտերկրից, մեկնողներին մի քանի խորհուրդներ տվեց: Ուսանողներին բարի ճանապարհ ու հաջող ուսումնառություն մաղթեցին նաև դեկանները:

Ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Դիանա Եղիազարյանի մայրը՝ Նաիրա Եղիազարյանն իր երախտագիտությունը հայտնեց բուհի ղեկավարությանը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՊՏՀ պատվիրակները բարձր կպահեն բուհի պատիվը:

Հանդիպումն ամփոփեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով ուսանողներին և հույս հայտնելով, որ մեկ կիսամյակ եվրոպական բուհերում սովորելուց հետո նրանք կվերադառնան նոր գիտելիքներով, մշակութապես հարստացած:

Մեզ հետ զրույցում Վարդ Ղուկասյանը տեղեկացրեց, որ մեկնողների թվում են բակալավրիատի 10, այդ թվում՝ 1-ը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղից, մագիստրատուրայի 3 ուսանողներ և 4 ասպիրանտ:

Մեր ուսանողներին մաղթում ենք բարի ճանապարհ և արդյունավետ ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին