Նոր նախաձեռնություն. ՀՊՏՀ-ում ներդրվում է փաստաթղթաշարժի էլեկտրոնային համակարգ

Դիտումների քանակ՝ 1945

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր տարին սկսել է նոր նախաձեռնություններով.  ՀՊՏՀ-ում ներդրվել է նոր՝ փաստաթղթաշարժի էլեկտրոնային Mulberry համակարգ: Սա ոչ միայն ժամանակի պահանջ է՝ հաշվի առնելով, որ սույն համակարգից օգտվում են պետական շատ մարմիններ, այլև կազմակերպության համար լավ հնարավորություն է՝ ստեղծելու սեփական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգը:

Այսօրվանից սկսած՝ երկու օր,  համալսարանի աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն. համակարգը ներկայացնող Vxsoft ընկերության ուսումնական ծրագրերի ղեկավար Հայկուհի Խաչիկյանը ծանոթացնում է համակարգին, աշխատելու կարգին և հնարավորություններին: Նրա խոսքով՝ Mulberry համակարգը հնարավորություն է տալիս ստեղծելու փաստաթղթերի էլեկտրոնային բազա, կրճատում է ժամանակի, թղթարարության հետ կապված ռեսուրսները:

ՀՊՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ մեր համալսարանում համակարգի ներդրման նախապատրաստական աշխատանքները վաղուց են սկսվել, այժմ այն պատրաստ է և հասանելի աշխատակիցներին: «Սա ոչ միայն ժամանակի պահանջ է, այլև օպտիմալացնում է թղթաշրջանառության կազմակերպման հետ կապված բոլոր գործընթացները»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին