Նվիրատվություն՝ ՀՊՏՀ գրադարանին. քաղաքագիտական պահանջված գրքերն ու ամսագրերը ևս հասանելի են ուսանողներին
ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Աթոյանն իր անձնական գրադարանից համալսարանի գրադարանին է նվիրել շուրջ 100 գրքեր և գիտական ամսագրեր, որոնց մեծ մասը հիմնականում քաղաքագիտական վերլուծություններ են ՝ աշխարհաքաղաքական, ազգային անվտանգության հարցերի շուրջ: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
«Գրքերի և ամսագրերի շարքում են տեղական և միջազգային հեղինակավոր հետազոտական կենտրոնների հրատարակություններ, նշանավոր հեղինակների վերլուծություններ, որոնք օգտակար կլինեն մեր ուսանողներին, հատկապես միջազգային տնտեսական հարաբերություններն ուսումնասիրողներին»,-նշեց Արմինե Հովհաննիսյանը՝ առանձնացնելով, օրինակ, «Գլոբուս» վերլուծական հանդեսը, «21-րդ ԴԱՐ» ամսագիրը:
Տնտեսագետ-ուսանողներն, անշուշտ, պետք է տեղյակ լինեն աշխարհաքաղաքական իրադարձություններին, տարածաշրջանային և միջազգային քաղաքական հարաբերություններին, որոնք անմիջականորեն առնչվում են տնտեսական ասպեկտին և նախանշում զարգացման հեռանկարները:
Ուրախալի է արձանագրել, որ ՀՊՏՀ ուսանողին, իր քաղաքական մտածողությունը զարգացնելու համար, համալսարանի գրադարանն առաջարկում է ժամանակակից գրականություն՝ թե´ մայրենի, թե´ օտար լեզուներով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին