Ամրապնդվող համագործակցություն՝ ՀՊՏՀ-ի և ավագ դպրոցների միջև. սոցիալական աջակցության այցեր՝ անապահով աշակերտների ընտանիքներին

Դիտումների քանակ՝ 1546

Տնտեսագիտական համալսարանի և ավագ դպրոցների համագործակցության ծրագրի շրջանակում ՀՊՏՀ ներկայացուցիչները տարբեր նախաձեռնություններ են  իրականացնում: 2016թ. համագործակցությունն ամփոփվել է դեկտեմբերին՝  Պետրոս   Ղևոնդյանի անվան դպրոցի 55-ամյակին նվիրված միջոցառմանը ՀՊՏՀ-ականների մասնակցությամբ, ապա սոցիալապես անապահով 2 աշակերտի ընտանիքներին այցելությամբ:  Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ-ում նշված ծրագրի համակարգող, լեզուների ամբիոնի դասախոս Լուսինե Կարագուլյանը:

Դեկտեմբերի 2-ին դպրոցի հիմնադրման 55-ամյակի միջոցառմանը Լուսինե Կարագուլյանն ընթերցել է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի շնորհավորական ուղերձը, որում կարևորվել են համալսարանի և դպրոցի համագործակցությունը, դրա շրջանակում փոխադարձ այցելությունները, ուսանող-աշակերտ, աշակերտ-դասախոս շփումները:

Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ ՀՊՏՀ ներկայացուցիչներն ամեն տարի այցելում են սոցիալապես անապահով աշակերտների ընտանիքների, աջակցություն ցուցաբերում, աշակերտներին հորդորում լավ սովորել և բարեկեցիկ ապագայի հանդեպ հուսավառ լինել: Լուսինե Կարագուլյանը և մի խումբ ուսանողներ, Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 22-ին և 30-ին, իրենց այցերով ուրախացրել են Բալահովիտում և Վաղարշապատում բնակվող 2  ընտանիքների՝ նրանց տրամադրելով տաք հագուստ, սնունդ, խաղալիքներ ու նվերներ: Լուսինե Կարագուլյանի խոսքով՝ իրենք այս ընտանիքներում արդեն սպասված հյուր են:

Նշենք՝ բարեգործական նախաձեռնություններն իրականացվում են ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների նյութական օժանդակությամբ:

Ինչպես ասաց Լուսինե Կարագուլյանը՝ ֆինանսական ֆակուլտետի ուսանողները գնել են խաղալիք մեքենա, որը նախորդ այցելության ժամանակ  «պատվիրել» էր երեխաներից մեկը:  Տիկին Կարագուլյանը ժպիտով նշեց՝ այս անգամ երեխաները  գրատախտակ են պատվիրել:

«Ողջունելի է, որ տեղյակ լինելով մեր այցերի մասին՝  ուսանողներն ու աշխատակիցներն իրենք են հետաքրքրվում, թե երբ են մեր հերթական այցելությունները, որպեսզի յուրաքանչյուրն իր հնարավորության չափով նյութական օգնություն տրամադրի»,-ասաց  ծրագրի համակարգողը:

2017 թվականին կիրականացվեն սոցիալական աջակցության նոր ծրագրեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին