Ֆինանսական կրթությանն առնչվող հարցեր՝ ՐԻՖԱՅՆ-ի աշխատաժողովում

Դիտումների քանակ՝ 1862

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում  երեկ տեղի է ունեցել  «Էրազմուս+» ծրագրի «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (ՐԻՖԱՅՆ) նախագծի աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը, նույն ամբիոնի դոցենտ Էդգար Աղաբեկյանը, ասիստենտ Վանինե Երանոսյանը և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Մարուքյանը (նշված ԲԲԸ-ն ՐԻՖԱՅՆ նախագծի ասոցացված գործընկերն է):

Ինչպես տեղեկացնում է մեր համալսարանում ծրագրի համակարգող արտաքին կապերի բաժինը՝ աշխատաժողովը կազմակերպվել է նախագծի առաջին աշխատանքային փաթեթի շրջանակներում և նպատակ է ունեցել քննարկելու ֆինանսական կրթության ներկայիս իրավիճակը, հնարավորություններն ու բացթողումները, ինչպես նաև այս ոլորտում սպասվող զարգացումները: Մասնավորապես, հանդիպման ընթացքում խոսվել է բանկային գործի և ֆինանսների ոլորտներում տարածաշրջանի հիմնական մարտահրավերների  ու հնարավորությունների մասին, պարզաբանվել են հետևյալ հարցերը՝   արդյո՞ք ակնկալվում է մեր տարածաշրջանում ֆինանսական տեխնոլոգիաների էական ազդեցություն բանկային գործի և ֆինանսների վրա, ինչպե՞ս պետք է համալսարաններն արձագանքեն ֆինանսական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպիսի՞ն կլինի ավտոմատացման ազդեցությունը ֆինանսական ոլորտի մասնագիտությունների վրա և արդյո՞ք ֆինանսական կրթության կազմակերպման և կրթական կարիքների բավարարման տեսանկյունից բիզնես հատվածի պահանջները հստակ են:

Աշխատաժողովը կարիքների գնահատման համար կարևոր հիմնաքարերից էր և հիմք է հանդիսանալու կորպորատիվ ֆինանսների մագիստրոսական կրթական ծրագրի բարեփոխման ուղենիշների մշակման համար:

Հիշեցնենք, որ ՐԻՖԱՅՆ-ը եռամյա նախագիծ է, որի գործողությունները նախատեսված են 2017թ. հոկտեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերը: Նախագծի նպատակների, վերջնարդյունքների, գործընկերների, ինչպես նաև նախագծում ՀՊՏՀ դերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://asue.am/am/international-programs/eramus-plus/pages/capacity-building-in-higher-education-ka-2  և նախագծի պաշտոնական կայքում` www.reforming-finance.eu/:

Լուսանկարները՝ արտաքին կապերի բաժնից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին