ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը տարին ամփոփել է գիտաժողովով
Դեկտեմբերի 24-ին Տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի է ունեցել «ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը: Այս մասին մեզ տեղեկացրեց մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը՝ նշելով, որ զեկուցումներով հանդես են եկել դասախոսներ, թեմաները հիմնականում առնչվել են կրթության հիմնախնդիրներին, նորարարությանը, տարածքային զարգացմանը:
Ներկաներին ողջունել է Սոս Խաչիկյանը և ընդգծել նորարարությունների դերն ու կարևորությունը տնտեսության զարգացման գործում:
Գիտաժողովին ներկայացված են եղել 24 զեկուցումներ, այդ թվում՝ բանախոսել են Սոս Խաչիկյանը, մասնաճյուղի փոխտնօրեն Արփինե Հովակիմյանը, հրավիրված դասախոսներ, դոցենտներ Միսակ Ավագյանը և Լիլյա Ավետիսյանը:
«Ուշագրավ է, որ զեկուցումները մեծ հետաքրքրությամբ լսում էին բարձր կուրսեցիները, ովքեր պատրաստվում են ավարտական աշխատանքներ գրել: Ելույթներից հետո ծավալվեցին բանավեճեր, հատկապես Միսակ Ավագյանի և Լիլյա Ավետիսյանի զեկուցումներն արժանացան ուսանողների ուշադրությանը. նշված հեղինակների աշխատանքներում ցույց էր տրվում հետազոտությունների ու զարգացման (անգլերենով` R&D), արտահանման և զարգացման կապերը: Մասնավորապես, Միսակ Ավագյանը դիտարկել էր ինովացիոն արտահանում իրականացնող երկրների օրինակը և ցույց տվել կրթության և գիտության զարգացման և տնտեսության զարգացման կապը»,-մեզ հետ զրույցում ասաց մասնաճյուղի տնօրենը:
Լուսանկարները՝ մասնաճյուղից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայոնւթյան հետ կապերի բաժին