ՀՊՏՀ վերջին տարիների բարեփոխումները տպավորիչ են. խորհուրդը հավանության արժանացրեց բուհի 2016թ գործունեությունը

Դիտումների քանակ՝ 1588

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, խորհրդի 25 անդամների մասնակցությամբ համալսարանի նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը:  ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ օրակարգում ընդգրկված մեկ հարցի՝ «ՀՊՏՀ 2016թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2017 թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին» զեկուցմամբ:

Սկսելով զեկուցումը՝ համալսարանի ռեկտորը նշեց, որ 2016թվականը էական հանգրվան էր նախորդ 5-ամյա ժամանակաշրջանում կատարված աշխատանքների արդյունքները գնահատելու և զարգացման հաջորդ շրջանի ռազմավարական ուղղությունները հստակեցնելու առումով:

«2016թ. մենք կարողացել ենք պահպանել և զարգացնել այն բոլոր գործընթացների կենսունակությունը, որոնց հիմքերը դրել ենք մի քանի տարի առաջ: Խոսքը մեր կողմից գերակա հռչակված կրթության որակի բարձրացման, գիտական, հետազոտական, միջազգայնացման, հանրային կապերի զարգացման, սոցիալական քաղաքականության, նյութատեխնիկական կարողությունների բարելավման ուղղությունների մասին է»- հայտարարեց Կորյուն Աթոյանը՝ ապա մանրամասնեց կատարված աշխատանքները:

«Կրթության որակի բարձրացումը մեր ամենակարևոր խնդիրն է: Սա գերակա ուղղություն է հռչակված նաև համալսարանի 2016-2020թթ զարգացման ռազմավարական ծրագրում: Այս հարցի կարգավորումն ամենաբարդն է և միգուցե հենց այս պատճառով էլ այս ուղղությամբ կատարված աշխատանքները դեռևս չեն տվել ցանկալի արդյունք: Ուստի առաջիկա տարիներին կրթության որակի բարելավումը պետք է լինի մեր գործունեության առանցքում:

Գիտահետազոտական աշխատանքների ուղղությունն առավել հստակեցվել է, կոնկրետացել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքը, հետազոտական ուղղություններն ու աշխատանքային թիմը: Աշխատանքը շարունակել են նաև գիտաուսումնական խմբերը: Համալսարանական գիտության զարգացման կարևոր գործին իրենց մասնակցությունն են բերել նաև մեր համալսարանի մի շարք գիտնականներ:  Համալսարանի միջազգայնացման ճանապարհին մեզ հաջողվել է մեծացնել ուսանողների և դասախոսների շարժունությունը, պահպանել ներգրավվածությունը Տեմպուսի և Էրասմուսի մի շարք ծրագրերում: Միջազգային գործունեության մեջ  սա ամենաբնութագրականն է, և կարևոր է, որ մեր կողմից գերակա հայտարարված այս ուղղությունը ևս ակտիվացել է: Բաց և հաշվետու աշխատանքը այն աշխատաոճն է, որը մենք ճիշտ և կարևոր ենք համարում: Հանրային կապերին ուղղված գործունեությունը զարգանում է իր բնականոն ընթացքով: Համալսարանի աշխատանքը, ծրագրերն ու հաջողությունները լայն հանրությանը ներկայացվել են ոչ միայն համալսարանի լրատվության միջոցներով, այլև զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցությամբ: Ես և մեր համալսարանի մի շարք աշխատակիցներ հանդես ենք եկել մի քանի տասնյակ հարցազրույցներով՝ անդրադառնալով մեր գործունեության տարբեր ուղղություններին, պատասխանելով լրատվամիջոցներից բխած հարցադրումներին:
Սոցիալական քաղաքականությունը ևս մեր գործունեության կարևոր ուղղություններից է:
Ուսանողներին և աշխատակիցներին ուղղված տարատեսակ սոցիալական ծրագրերը ոչ միայն պահպանում ենք, այլև ներդնում նորանոր մոտեցումներ, ավելացնում հատկացումները: Սա բխում է սոցիալական պատասխանատվության մեր գիտակցությունից, բայց նաև կարևորում ենք, որ իրագործվող ծրագրերը ընդունվեն ոչ միայն որպես նյութական աջակցություն, այլև դառնան մոտիվացնող, խթանող և պատասխանատվություն ձևավորող:

Համալսարանի վերափոխման, միջավայրի արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքները անընդհատական բնույթ են կրում: Բայց այս տարին հատկանշական էր նրանով, որ ավարտեցինք համալսարանի վերանորոգման հիմնական աշխատանքները: Իհարկե, գործունեության այս ոլորտում անելիքներ դեռ կան՝ ժամանակի պահանջներին համապատասխան տեխնիկական վերազինումը, ուսումնական գործընթացի բարելավման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, լսարանների ժամանակակից կահավորումը շարունակական գործընթացներ են և փոխկապակցված են մեր համալսարանի գործունեության հիմնական ոլորտներին», - ամփոփ ներկայացրեց համալսարանի ռեկտորը, ապա թվերով և փաստերով անդրադարձավ բուհի գործունեության բոլոր ոլորտներում կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին ու բացթողումներին: Կորյուն Աթոյանը ներկայացրեց նաև 2016թ. ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները և 2017թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները:

Ամփոփելով՝ համալսարանի ղեկավարը նշեց, որ 2016թ. համալսարանի կա­­­­­­­­ռավարումն իրա­կանացվել է կոլեկտիվ կառավարման մարմին­ների, համալսարանի բոլոր ստորաբաժանումների գործուն և ակտիվ մասնակցությամբ։ Ռեկտորի խոսքով՝ բոլոր ֆակուլտետների դեկանատները, ամբիոնները, վարչական և ուսումնագիտական ստորաբաժանումները, ուսանողական խորհուրդը նշանակալից ավանդ ունեն համալսարանի նվաճումներում, կրթական բարեփոխումների իրականացման ասպարեզում: Կորյուն Աթոյանը բուհին աջակցելու համար հատուկ շնորհակալություն հայտնեց նաև համալսարանի խորհրդին՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Նշենք, որ բուհի տարեկան հաշվետվությունը հասանելի է հետևյալ հղումով:

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի տարեկան հաշվետվությունը մանրամասն ու բազմակողմանիորեն ներկայացրեց 2016թվականին համալսարանում կատարված աշխատանքները:

«Տնտեսագիտական համալսարանը, ի պատիվ իրեն, կարողացել է այս տարիներին քայլել ժամանակին համահունչ՝ բարելավել կրթական միջավայրը, աշխուժացնել գիտահետազոտական կյանքը, միջազգային կապերը, տեխնիկապես վերազինվել: Մշտապես համալսարանի ղեկավարության տեսադաշտում են եղել ուսանողներին և աշխատակիցներին ուղղված սոցիալական ծրագրերը: Մեր բոլորի աչքի առաջ համալսարանը վերափոխվել է, դարձել գեղեցիկ մի վայր, որտեղ, կարծում եմ, հաճելի է ոչ միայն սովորելը, այլև աշխատելը: Ամփոփելով մեկ հնգամյակ՝ այս տարի համալսարանը հանդես եկավ գալիք 5 տարիների ռազմավարական ծրագրով: Այդտեղ ներկայացված են համալսարանի զարգացման մի շարք գերակայություններ, իսկ գլխավորը կրթության որակի բարելավումն է»,- հայտարարեց խորհրդի նախագահը՝ հորդորելով գալիք տարիներին կրկնապատկել ջանքերը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար:

Խորհուրդը միաձայն քվեարկությամբ հավանություն տվեց ՀՊՏՀ 2016թ. ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությանը, համալսարանի 2016թ. բյուջեի կատարման արդյունքները գնահատեց բավարար և հաստատեց բուհի 2017թ. բյուջեն:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի ռեկտորին կատարված աշխատանքների համար՝ նշելով, որ Տնտեսագիտական համալսարանում վերջին տարիներին կատարված և՛ արտաքին տեսքի, և՛ միջավայրի, և՛ բովանդակային փոփոխություններն, իսկապես, տպավորիչ են:

Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Անդրադառնալով Կառավարության նիստում ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին իր հայտարարությանը՝ նա նշեց, որ առաջիկայում զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ, ուստի հրաժարական է ներկայացնում խորհրդի նախագահի պաշտոնից: Համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին՝ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց գալիք տոները, ապա հույս հայտնեց, որ առաջիկա տարիները Տնտեսագիտական համալսարանի համար կկրկին կլինեն արդյունավետ:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին՝ ընդգծելով, որ համալսարանի վերջին տարիների ձեռքբերումներում մեծ է նրա ներդրումը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին