Ինովացիոն տնտեսության մեջ գրաֆենի նշանակությունը. հետազոտել են մագիստրանտները

Դիտումների քանակ՝ 1808

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսերի մի խումբ մագիստրանտներ,  մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Ծովինար Կարապետյանի ղեկավարությամբ, կատարել են «Գրաֆենը և ինովացիոն տնտեսության ձևավորման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով հետազոտական աշխատանք, որի շնորհանդեսը կայացավ այսօր: Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը,  ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի ղեկավար Թաթուլ Մկրտչյանը, դասախոսներ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցներ, ուսանողներ:

Ներկաներին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ նմանօրինակ նախաձեռնություն եղել է նաև մի քանի տարի առաջ և նկատեց, որ այս առումով ձևավորվում է օգտակար ավանդույթ:

Թաթուլ Մկրտչյանն ամփոփ ներկայացնելով հետազոտությունը՝ ասաց, որ 26 մագիստրանտներ համատեղ ուսումնասիրել են ինովացիոն տնտեսության ձևավորման հեռանկարները մեր երկրում և ցույց են տվել այդ տնտեսությունում գրաֆեն նյութի նշանակությունը:

Ծովինար Կարապետյանն անդրադարձավ նշված թեմայով հետազոտություն կատարելու գաղափարին և պատմեց, որ դասերի ժամանակ ուսանողները հետաքրքրվել են գրաֆեն նյութով, ապա կատարել ուսումնասիրություններ, իսկ ավելի ուշ սկսվել է համատեղ աշխատանքը:

Ելույթներից հետո ամբիոնը տրամադրվեց ուսանողներին, որոնք ներկայացրին իրենց կատարած աշխատանքը՝ անդրադառնալով առանցքային հարցերին: Շեշտադրելով այն միտքը, որ 21-րդ դարը լինելու է գիտության և կրթության դարաշրջան, ուսանողները համոզմունք հայտնեցին, որ տնտեսական զարգացման ուղղություններում գերակայելու է ոչ թե բնական ռեսուրսների, հումքի արտահանումը, այլև՝ բարձր տեխնոլոգիաների:

Ուսանողների զեկուցումներն առնչվում էին ՀՀ-ում ինովացիոն զարգացման հեռանկարային ուղղությանը՝ բարձր տեխնոլոգիաներին, մասնավորապես՝ նանոտեխնոլոգիաներին, մեր երկրի ինովացիոն գործընթացներում  դրանց կիրառմանն ու նշանակությանը, գրաֆենի ֆիզիկա-քիմիական հատկություններին,  ստացմանն ու արտադրական մեթոդներին  (նաև ՀՀ-ում), ինովացիոն ոլորտում ՀՀ հեռանկարներին:

Այսպիսով, նանոտեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ ածխածնի անչափ բարակ թերթիկ, որն ավելի ամուր է, քան ալմաստը. այդ նյութը գրաֆենն է, որի կիրառությունը լուրջ գիտատեխնիկական առաջընթաց է խոստանում:

Եզրակացություններում մագիստրանտները նշում էին, որ Հայաստանում գործուն ազգային ինովացիոն համակարգ ունենալը հրատապ անհրաժեշտություն է, ինովացիոն գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նպաստավոր ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի առկայությամբ և այլն: Հետազոտողները հանդես են եկել նաև առաջարկություններով: Մագիստրանտների խումբն այլ գաղափարներ էլ ունի, որոնք կիրականացնի առաջիկայում:

Զեկուցումներից հետո ծավալվեց քննարկում, ռեկտորն ու պրոռեկտորները դրվատանքով խոսեցին ուսանողների նախաձեռնողականության մասին, հետազոտության վերաբերյալ ներկայացրին իրենց դիտարկումներն ու նկատառումները:

Կորյուն Աթոյանը նշեց, որ բուհում  հետազոտական բաղադրիչը պետք է ուսումնական գործընթացի անքակտելի մաս լինի, շարունակական աշխատանք: Ռեկտորն ընդգծեց, որ ուսանողների գիտական աշխատանքը ողջունելի ու խրախուսելի է:

Հավելենք, որ մագիստրանտների հետազոտության վերջնարդյունքը տպագրվել է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին