ՀՊՏՀ-ի և Չինաստանի Շենսիի համալսարանի միջև համագործակցության հուշագիր է կնքվել

Դիտումների քանակ՝ 2174

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Չինաստանի Շենսիի համալսարանի միջև օրերս համագործակցության հուշագիր է կնքվել: Երկու բուհերի միջև կնքված հուշագիրը նախատեսում է համագործակցության լայն դաշտ՝ կրթական, գիտական, հետազոտական, վերապատրաստման ոլորտներում և այլ: Երկու համալսարանների միջև փոխգործակցության նախաձեռնությունը ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, «Նորավանք» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Վարդան Աթոյանինն է, ով նաև Չինաստանի վերոնշյալ համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հատուկ փորձագետ և հրավիրյալ պրոֆեսոր է:

Մեր խնդրանքով անդրադառնալով Շենսիի համալսարանի հետ ՀՊՏՀ համագործակցության հեռանկարներին՝ Վարդան Աթոյանը մանրամասնեց. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքի Շենսիի համալսարանը երկրի ամենահեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից է:

Այս հուշագրի վերաբերյալ նախնական համաձայնությունը ձեռք էր բերվել դեռևս ամիսներ առաջ՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի պատվիրակության կազմում Չինաստան իմ այցելության ընթացքում: Դրան հաջորդել էր երկու կողմերի միջև մի քանի ամիս տևող բանակցությունների և բովանդակության համաձայնեցման գործընթաց, որի ընթացքում մեծ աշխատանք է իրականացվել նաև մեր համալսարանի Արտաքին կապերի բաժնում, ինչի համար իմ շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել բաժնի պետ Վարդ Ղուկասյանին և բաժնի մյուս աշխատակիցներին: Օրերս եմ վերադարձել Չինաստանից, որտեղ չինական կողմի հրավերով մասնակցում էի՝ Չինաստանի «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագծին և Եվրասիական տարածաշրջանում խաղաղության մարտահրավերներին նվիրված միջազգային համաժողովին: Օգտագործելով առիթը այցելեցի նաև Շենսիի համալսարանի իմ գործընկերներին, որի ժամանակ էլ հուշագրի տակ դրվեց նաև Շենսիի համալսարանի նախագահի ստորագրությունը:

Վստահ եմ, որ այս հուշագիրը ամուր իրավական հիմքեր է ստեղծել համագործակցության ուղղությամբ հետագա առարկայական քայլեր իրականացնելու համար, այդ թվում՝ ուսանողների և դասախոսների փոխանակում, համատեղ հետազոտությունների, գիտաժողովների կազմակերպում և այլն: Հավելեմ, որ արդեն նախնական համաձայնություն կա համանման հուշագիր կնքել նաև Շենսիի համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի միջև: Բացի այդ, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հաստատման ուղղությամբ քայլեր սկսել նաև ՀՊՏՀ և Շանհայի համալսարանի միջև»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին