ՀՊՏՀ 2 ուսանող ռեկտորատի նիստում արժանացավ «Ռոսգոսստրախ–Արմենիա» ընկերության կրթաթոշակի

Դիտումների քանակ՝ 1933

ՀՊՏՀ «Ապահովագրական գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Լիլիթ Գևորգյանն ու Նելլի Ցականյանն արժանացել են «Հայ համայնքը` հայ ուսանողությանը» հիմնադրամի սահմանած և «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից ֆինանսավորվող անվանական կրթաթոշակի:  Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանին և  «Ռոսգոսստրախ–Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին՝ համագործակցության համար:

Ուսանողներին հավաստագրերը հանձնեց ռեկտոր Կորյուն Աթոյանը, իսկ հիմնադրամի տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանը իր հերթին ընդգծեց բուհի հետ երկարամյա համագործակցության հանգամանքը և շնորհակալություն հայտնեց փոխգործակցության համար: «Ռոսգոսստրախ–Արմենիայի» անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբատցյանը, դիմելով ռեկտորատին, նշեց, որ ընտրությունն  այս անգամ դժվարությամբ է կատարվել, արժանի ուսանողների ցանկը մեծ է եղել: «Շնորհակալություն Ձեզ պարոն Աթոյան, երկարաժամկետ համագործակցության համար: Առաջին կրթաթոշակը մեր կողմից տրվել է 2008թ. և այսօր այդ կրթաթոշակակիրը մեր բանկի աշխատակիցը, ինչը, կարծում եմ, խոսուն փաստ է»,- նշեց նա:

Ավելի ուշ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Անահիտ Աստաբատցյանն ասաց, որ կրթաթոշակի մրցույթի հաղթողներն  ընտրվել են ըստ բարձր  առաջադիմության, մասնագիտական ունակությունների:

Նրա խոսքով՝ 2016թ. սեպտեմբերից մինչև այս ուսումնական տարվա  ավարտը ուսանողները կստանան ամսական 50 $ կրթաթոշակ:

Ընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանն էլ նշեց.  «Ուշագրավ է, որ 2014թ.-ից ի վեր մեր ընկերության աշխատակիցների շարքերը համալրած անձանց 25 %-ը ՀՊՏՀ շրջանավարտներ են»:

Ռեկտորատի նիստում ամփոփվեցին մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների վերահանձնումների արդյունքներն ու առկա մագիստրատուրայի հաճախումները: Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին ՀՊՏՀ ռեկտորին ուղղված ուսանողների դիմումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին