Մեր ասպիրանտը` միջազգային ծրագրի մասնակից

Դիտումների քանակ՝ 1675

Երիտասարդ առաջնորդների դպրոցը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, իրականացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ հետազոտական ծրագիր, որի նպատակն էր ակտիվացնել Հայաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ քննարումները երիտասարդ վերլուծաբանների շրջանում: Ծրագիը մեկնարկել էր 2016թ. ապրիլին, դիմել էին 100 երիտասարդներ, որոնցից ընտրվել էին 14 առավել խոստումնալից երիտասարդ վերլուծաբաններ:  Երիտասարդները ապրիլից մինչև հոկտեմբեր աշխատել են ավագ գործընկերների ղեկավարությամբ, աշխատանքների արդյունքում գրվել են 7 վերլուծական հոդվածներ՝ ՀՀ-ԵՄ համագործակցության տարբեր ասպեկտների վերաբերյալ: Հոդվածները հայերեն և անգլերեն տարբերակներով հրատարակվել են «Տարածաշրջանային խնդիրներ» գիտական ամսագրում, իսկ հեղինակները ներկայացրել են փորձագիտական կոնֆերանսում:

Ծրագրին մասնակցել է ՀՊՏՀ միջազգային տնտեսագիտություն մասնագիտության ասպիրանտուրայի հեռակա 2-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Կատվալյանը:  «Կովկաս» ինստիտուտի քաղաքագիտական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանի ղեկավարությամբ մեր ասպիրանտը և ԵՊՀ ուսանողուհի Սոնա Փարսյանը  համահեղինակել են «ՀՀ-ն Եվրոպական Միության և Եվրասիական տնտեսական միության միջև. համագործակցության քաղաքական և տնտեսական հեռանկարները» թեմայով հոդվածը:

Մեզ հետ զրույցում Հերմինե Կատվալյանն ասաց, որ հոդվածում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցության ձեռքբերումներին, ուսումնասիրվել  են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական կապերը, ԵՄ-ի կողմից ՀՀ-ում կատարվող ներդրումները, ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը: Հեղինակները գնահատել են ԵԱՏՄ անդամակցության ազդեցությունը ՀՀ-ի վրա՝ ցույց տալով ԵՄ-ի հետ համագործակցության պահպանման և զարգացման կարևորությունը ՀՀ-ի հետագա քաղաքական և տնտեսական զարգացման համար, անդրադարձել ԵԱՏՄ անդամակցությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա  վիճակին:

«Ներկայացրել ենք ՀՀ-ԵՄ համագործակցության վերաբերյալ առաջարկներ` ԵԱՏՄ անդամակցության համատեքստում: Մեր կարծիքով ԵԱՏՄ-ն նոր հարթակ է համաշխարհային երկխոսության համար, իսկ Հայաստանը, անդամագրվելով ԵԱՏՄ-ին, չպետք է իր առջև փակված համարի ԵՄ-ի դռները։ Երկխոսության` քաղաքական, միջպետական հարաբերությունների պահպանման, տնտեսական զարգացման մակարդակով,  կառավարման մարմինների ենթակառուցվածքների, մասնագիտական փորձի և մի շարք այլ անհրաժեշտ ատրիբուտների առումով Հայաստանը ունի բավականին մեծ ձեռքբերումներ և ամենից մեծ փորձառությունը երկու աշխարհաքաղաքական միավորների հետ շփումներում և լավագույնս պատրաստ է «կամուրջ պետության» դերին, միայն  ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնումը խթանելու նպատակով անհրաժեշտ է, որ Հայաստանը ներկայացնի այս մոդելի կարևորությունը` ցույց տա, որ համագործակցել Հայաստանի հետ, բարեփոխումներ կատարել մեր երկրում՝ նշանակում է բարեփոխումներ կատարել ավելի մեծ համակարգում»,-նշեց ասպիրանտը:

Հերմինե Կատվալյանի և Սոնա Փարսյանի հոդվածը ճանաչվել է լավագույնը: Հոդվածը ներկայացվել է «Բուն TV» առցանց հեռուստատեսության  «Երկար զրույց» հաղորդաշարում. ծանոթացեք նշված հղումով՝  boon.am/eatm/ :

Շնորհավորում ենք հեղինակներին և մաղթում մասնագիտական նոր առաջընթաց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին