ՀՊՏՀ պրոֆեսորը «Հորիզոն-2020»-ի շրջանակում մասնակցել է միջազգային ֆորումի

Դիտումների քանակ՝ 1472

ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանը «Հորիզոն-2020» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ հայտարարած  մրցույթում շահել    և  նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիայի  Լիոն քաղաքում  մասնակցել է «Միջազգային տեխնոլոգիաների և գործարարության» հանդիպումների ընթացքում կազմակերպված «Կանաչ օրեր» միջազգային ֆորումին:

Միջոցառմանը մասնակցել են 3000 գիտնականներ՝ աշխարհի 50 երկրներից:

Սուրեն Գևորգյանն աշխատել է կլիմայի գլոբալ տաքացման հիմնախնդիրներին վերաբերող բաժանմունքում և ներկայացրել է Հայաստանում կլիմայի տաքացման հիմնախնդիրները:

«Հանդիպումներ եմ ունեցել տարբեր  երկրների ներկայացուցիչների հետ (Նորվեգիա, Վրաստան, Շվեյցարիա և այլն), որոնց հետ համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու նախնական համաձայնություն ենք ձեռք բերել: Այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն կատարվում են»,-մեզ հետ զրույցում ասաց Սուրեն Գևորգյանը:

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանն էլ, կարևորելով «Հորիզոն-2020»-ին մեր գիտնականների մասնակցությունը, ընդգծեց, որ այս ֆորումին հայաստանյան բուհերից մասնակցում էր միայն ՀՊՏՀ-ն:

«Այսպիսով բարձրանում է թե' մեր գիտության միջազգայնացման գործընթացի, թե' արտասահմանցի գիտնականների հետ հետազոտական ծրագրերի իրականացման արդյունավետությունը»,-նշեց գիտության և ասպիրանտուրայի  բաժնի ղեկավարը:

Սուրեն Գևորգյանը մեզ տեղեկացրեց նաև, որ մեկ ամիս առաջ Աշգաբադում ևս մասնակցել է գլոբալ տաքացման հիմնախնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսի (կազմակերպել էր Գիտությունների ակադեմիան) և ներկայացրել է «Կլիմայի գլոբալ տաքացման տնտեսական հիմնահարցերը» թեմայով զեկուցում:

Լուսանկարները տրամադրել է Սուրեն Գևորգյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին