…Որտեղ հաղթում են տաղանդավոր ուսանողները. hաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը լավագույնն է

Դիտումների քանակ՝ 1928

Մեծ գալահամերգով այսօր ամփոփվեց «Ուսանողական աշուն-2016» մարզամշակութային փառատոնը, որի հարթակում մեկ ամիս մրցակցում էին ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետները: Շնորհալիների փառատոնում հաղթեց առավելագույն միավորներ վաստակած հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը:

Այսօր երգ ու պարի մրցույթն էր, որտեղ յուրաքանչյուր ֆակուլտետ զարմացրեց իր ստեղծարարությամբ. հանդիսատեսի ուշադրությունը գրավում էին ոչ միայն բեմի վրա երգող և պարող շնորհալիները, այլև վարպետորեն ստեղծված բեմականացումներն ու կերպարները:

Բեմում կարմիր թելի նման անցնում էր ազգայինը՝ հայկական երգն ու պարը, որ մատուցում էին գեղանի հայուհիների ու խրոխտ հայ զինվորի կերպարները  մարմնավորող ուսանող-ուսանողուհիները: Երգ ու պարի միջոցով ՀՊՏՀ-ականները կարևոր ասելիք էին հղում՝ դատապարտելով հակամարտություններն ու պատերազմները, աղոթելով աշխարհի, մեր երկրի  խաղաղության համար, փառաբանելով հայ զինվորին, Արցախյան մարտերում ընկած հերոսներին,  հայի  միասնությունն ու կուռ կամքը:

Այսօր հայտնի դարձան նաև  դեկտեմբերի 8-9 տեղի ունեցած ՈւՀԱ մրցույթի հաղթողները. «Լավագույն հումոր» անվանակարգում մրցանակ ստացավ ֆինանսական ֆակուլտետը, «Լավագույն երաժշտական համար» մրցանակին արժանացավ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը, իսկ «Լավագույն ծրագիր» անվանակարգին արժանացավ և մրցույթի հաղթող ճանաչվեց ֆինանսական ֆակուլտետը:

Երգի մրցույթում 1-ին հորիզոնականում է ինֆորմատիկայի և վիճակագրության, 2-րդ և 3-րդ տեղերում համապատասխանաբար կառավարման, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետները:

Պարի մրցույթում առաջատարը հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետն է, 2-րդ և 3-րդ տեղերում մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, կառավարման ֆակուլտետներն են:

Մրցանակներն ու պատվոգրերը ֆակուլտետային  ուսանողական խորհրդի նախագահներին հանձնեցին ՈւԽ նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը,   փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը, ուսանողական խորհրդի լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Հայկ Բեջանյանը:

Ի դեպ, այսօր հաղթող՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ՈւԽ նախագահ Վիգեն Հարությունյանի ծննդյան օրն է, իսկ իր ֆակուլտետի հաղթանակն, անշուշտ, նրան լավ նվեր էր:

Հիշեցնենք, որ «Ուսանողական աշուն-2016»-ը կազմակերպել է ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը՝ բուհի ղեկավարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Այս տարի աշնանային փառատոնը նվիրված էր Ուսանողության և Երիտասարդության միջազգային տոներին:

Եվս մեկ փառատոն ամրագրվեց համալսարանական հուշերում, փառատոն, որը համախմբեց  ուսանողներին, բացահայտեց նոր անուններ ու գեղեցիկ օրեր պարգևեց ՀՊՏՀ-ականներին:

Շնորհավորում ենք մասնակիցներին, հաղթողներին, կազմակերպիչներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին