Բաց դասի շրջանակում բանախոսեց «Արցախբանկ»-ի ներկայացուցիչը

Դիտումների քանակ՝ 1646

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար այսօր  բանախոսեց  «Արցախ» բանկ ՓԲԸ-ի խորհրդի անդամ Արթուր Ճորուխյանը: Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված բաց դասը «Ֆինանսական վերլուծություն» և «Ֆինանսական ենթակառուցվածքների աուդիտ» առարկաների շրջանակներում էր:

Դասին մասնակցում էին նշված ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, վերոնշյալ առարկաների դասախոս Վահան Բաբայանը:

Հանդիպման առաջին հատվածում Արթուր Ճորուխյանը ուսանողներին  ներկայացրեց կառավարչական որոշումների ընդունման գործընթացում աուդիտի տեղն  ու դերը, երկրորդում՝ ֆինանսական վերլուծաբանի գործառույթները:

Ողջույնի  խոսքում բանախոսը կարծիք հայտնեց, որ ի տարբերություն իրենց սերնդի, այս սերունդը տարբերվում է գործարար մտածողությամբ, ինչը ողջունելի է:

Արթուր Ճորուխյանը, ներգրավելով լսարանին,  քննարկեց, թե առհասարակ ինչպե՞ս են մարդիկ որոշումներ ընդունում: Ընդհանրացնելով ուսանողների հնչեցրած պատասխանները՝ նշվեց՝ որոշումներն ընդունվում են տեղեկատվության, փորձի և մտավոր ունակությունների (այդ թվում՝ մասնագիտական), միջավայրի և այլնի հիման վրա: Այնուհետև բանախոսը ցույց տվեց, թե ինչպես է այս ամենն առնչվում կառավարչական որոշումներ ընդունելուն:

Դասաժամն անցավ ինտերակտիվ միջավայրում, բանախոսը ընթացքում պատասխանում էր ուսանողների հարցերին:

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ հրավիրյալ դասախոսի աշխատանքային հարուստ փորձը  ուսանելի է և  կնպաստի  դասավանդվող առարկայի շրջանակներում ուսանողների  ստացած գիտելիքների յուրացմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին