Ո՛չ ռաբիս երաժշտությանը. ուսանողները՝ հանուն ազգային երաժշտության անաղարտության

Դիտումների քանակ՝ 1736

«Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբը, կառավարման ֆակուլտետի մի խումբ ուսանողուհիների մասնակցությամբ, այսօր կազմակերպել էր սեմինար-դասընթաց, որն ամփոփ, դիպուկ ու կտրականորեն իր «ոչն» էր ասում ռաբիս երաժշտությանը: «Թե ինչու ո՛չռաբիզին» ձևակերպմանը ուսանողներն ունեին իրենց հիմնավորումը, որում կարևորագույնը այս կատարողական եղանակի ոչ հայկական երաժշտական մտածողությունն է, ավելի որոշակի՝ ոչ հայեցի հնչերանգները և շեշտադրությունները:

«Ինչո՞ւ մենք մեր արժեքները թողած այլոց արժեքներն ենք որդեգրում, ինչո՞ւ են նրանք մեր գանձերը գողանում ու յուրացնում, իսկ մենք նրանց անճաշակն ենք քարոզում ու տարածում». «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Հայկ Գրիգորյանի այս հռետորական հարցադրմանը ուսանողուհիների  պատասխանը մեկն էր՝ չի կարելի թույլ տալ, որ ռաբիսը դառնա մեր մշակութային ինքնության մի մասը:

Լիլիթ Պետրոսյանը (կառավարում, 1-ին), Անահիտ Թաքիրյանը (զբոսաշրջության կառավարում, 3-րդ), Կարինե Դավթյանը (կառավարում, 1-ին), Անի Հարությունյանը (զբոսաշրջության կառավարում, 2-րդ) իրենց խոսքում անդրադարձան ռաբիս երաժշտության ծագմանը, զարգացմանը, մեր օրերում դրա սրընթաց տարածման միտումներին, համացանցը ողողած հայալեզու թուրքական ռաբիսին, թուրքերի կողմից հայ ժողովրդի հայրենասիրական ու ազգային ազատագրական պայքարի մասին երգերի յուրացմանը:

Մեր հոգևոր ու ֆիզիկական հայրենիքի ու նրա մշակութային ժառանագության անաղարտությունը պահպանելու գործում ուսանողուհիները կարևորեցին սեփական երաժշտական գոհարները ճանաչելը, փայփայելը, ներկայացնելը, քանի որ, ինչպես նշեցին նրանք, երաժշտությունն էլ լեզու ու մտածողություն է, և պետք է դիմադրել մեր ներսի թշնամուն, որը փորձում է մայրենիի փոխարեն պարտադրել մեզ օտարի լեզուն:

Միջոցառման ավարտին մասնակիցները հանդես եկան նախաձեռնությամբ. ներկաներին բաժանվեցին հայաշունչ ու հայալեզու երգերի տասնյակ ներառող  թերթիկներ՝ այն խնդրանքով ու ակնկալիքով, որ այսօր երեկոյան բոլորը համացանցում՝ ֆեյսբուքում, տարածեն այս շարքից իրենց սրտամոտ երգը՝ #ՀՊՏՀ#Նժդեհ_ՈՒԽ հեշթեգով (hashtag):

Անահիտ Թաքիրյանը կատարեց «Աղունիկ» երգը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին