Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոնի համահիմնադիրները՝ ՀՊՏՀ-ում. սեմինար ուսանողների համար
«Հաշվապահական և հարկային հաշվառումը պրակտիկայում» թեմայով սեմինարն այսօր համախմբել էր ՀՊՏՀ տարբեր ֆակուլտետների մեծաթիվ ուսանողների: Ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ մեր բուհում էին Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոնի համահիմնադիրները՝ տնօրեն Դիանա Մնացականյանը և որակավորված աուդիտոր, գլխավոր հաշվապահ Դավիթ Առաքելյանը: Վերջինս հանդես եկավ բանախոսությամբ, որի ընթացքում ներկայացրեց կազմակերպությունների առցանց գրանցման, էլեկտրոնային հաշետվությունների ներկայացման և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգերը, պարզաբանեց էլեկտրոնային ստորագրության ակտիվացման կարգը և այլն:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Դիանա Մնացականյանն ասաց, որ իրենց կենտրոնն իրականացնում է ուսուցում, վերապատրաստում և տալիս է գործնական գիտելիք:
«Այսօր գործատուն բուհի շրջանավարտից պահանջում է գործնական գիտելիք, իսկ ուսանողը բուհում ստանում է ավելի շատ տեսական գիտելիք. մեր կենտրոնը փորձում է տալ հենց այդ գործնականը: Բուհերում հանդես գալով սեմինարներով՝ մենք նախ ներկայացնում ենք մեր կենտրոնի գործունեությունը, ապա փորձում ենք լրացնել ուսանողների գործնական հմտությունները, ինչու չէ նաև ծանոթանալ նրանց գիտելիքների մակարդակին, պահանջներին»:
Տնօրենի փոխանցմամբ՝ Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոնը բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսանողին՝ ձեռք բերելու նաև աշխատանքային փորձ:
Հանդիպման ավարտին կենտրոնի ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողների հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին