ՀՊՏՀ ներկայացուցիչները Ավստրիայում մասնակցել են գիտաժողովի

Դիտումների քանակ՝ 1728

ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի հետազոտական աշխատանքների գծով մասնագետ, տ.գ.թ. Աղասի Թավադյանը և միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի ասպիրանտ, ՀՀ ԿԲ  դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծության ու կանխատեսումների բաժնի մակրոտնտեսագետ Հայկազ Իգիթյանը, Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտի (IIASA, International Institute for Applied Systems Analysis) հրավերով, նոյեմբերի 22-24-ը Ավստրիայի Լաքսենբուրգ քաղաքում մասնակցել են «Եվրամիություն և Եվրասիական տնտեսական միություն. երկարաժամկետ համագործակցություն, մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով գիտաժողովին:

Ինչպես տեղեկացնում է Աղասի Թավադյանը, գիտաժողովում ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան, որը պարզաբանել է Եվրոպական գործընկերներին Եվրասիական տնտեսական միություն կողմնորոշման և ընդհանուր տնտեսական քաղաքականության հետ կապված հարցեր:

Քննարկմանը ներկա են եղել  Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն Պավել Կաբատը, Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինուկուրովը,  պաշտոնատար այլ անձինք:

Աղասի Թավադյանը գիտաժողովում ընդգծել է  Հայաստանի Հանրապետության դերը՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև կապերի ամրապնդման հարցում: «Այն որ Հայաստանի Հանրապետությունն ունի մեծ սփյուռք թե' ԵԱՏՄ-ում, թե' Եվրամիությունում, ու որ ՀՀ-ի արտահանումը երկու ուղղությամբ գրեթե հավասար է, կարող է բարենպաստ հարթակ հանդիսանալ, որպեսզի ՀՀ-ն դառնա կապող օղակԵԱՏՄ ու ԵՄ միջև ընդհանուր առևտրի կարգավորման, ներդրումների, միգրացիայի, նաև ուսանողների ու գիտաշխատողների փոխանակման հարցերով»,-մասնավորապես նշել է Աղասի Թավադյանը:

Հայկազ Իգիթյանը հանդես է եկել իր կողմից մշակված «ՀՀ և ՌԴ միգրացիան նոր քեյնսական DSGE մոդելում» աշխատանքով: Մոդելի հաշվարկային կառուցվածքային ցնցումներն ընդգրկում են Հայաստանի և Ռուսաստանի հիմնական տնտեսական տվյալները: Մոդելը կարող է կանխատեսել երկու տնտեսությունների աշխատանքային շուկաների հիմնական փոփոխականները և կարող է օգտագործվել թե' Ռուսաստանի, թե' Հայաստանի տնտեսական և միգրացիոն քաղաքականությունների վերլուծության համար:

Լուսանկարները տրամադրել են մասնակիցները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին