2016-2017 ուստարվա ընդունելություն, կրթական ծրագրերի մշակում, հանձնաժողովների աշխատանք. տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 2083

Գիտական խորհրդի նախագահ, ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցը՝ 2016-2017 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների մասին, զեկուցեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը՝ ներկայացնելով ընդունելության գործընթացի արդյունքները:  Պրոռեկտորը նշեց, որ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն աշխատել է  մայիսի 5-ից նոյեմբերի մեկը, իսկ արդյունքները այսպիսին են՝ ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատ է ընդունվել 940 դիմորդ, առկա մագիստրատուրա՝ 530, հեռակա բակալավրիատ՝ 235, հեռակա մագիստրատուրա՝ 290 դիմորդ: Անդրադառնալով ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ընդունելության արդյունքներին՝ Պարույր Քալանթարյանը նշեց, որ արհեստակցական ուսումնարանում երկու խումբ է ձևավորվել, մինչդեռ քոլեջում ընդունելությունը կրկնակիից ավելի աճել է՝ պայմանավորված քոլեջը ՀՊՏՀ-ին միացնելու հանգամանքով: Գիտխորհուրդը ընդունող հանձնաժողովի աշխատանքը գնահատեց բավարար և հաստատեց որոշումը:

Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորը զեկուցեց նաև կրթական ծրագրերի մշակման ընթացքի մասին՝ ներկայացնելով 6 վերալիցենզավորված կրթական ծրագրերի մշակման արդյունքները, մատնանշեց կատարվածը ու նաև՝ ճշգրտման կարիք ունեցող խնդիրները, որոնց շուրջ լրացուցիչ քննարկումներ կկազմակերպվեն: Զեկուցումն ընդունվեց ի գիտություն:

Հիշեցնենք, որ նախորդ գիտխորհրդի ժամանակ ստեղծվել էին գիտխորհրդին կից 3՝ ուսումնամեթոդական, մրցութային և հրատարակչական հանձնաժողովներ: Այսօրվա նիստում ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ Պարույր Քալանթարյանը, մրցութային հանձնաժողովի նախագահ Արամ Սարգսյանը և հրատարակչական հանձնաժողովի քարտուղար Խորեն Մխիթարյանը ներկայացրեցին հանձնաժողովների աշխատակարգերը, կազմերը, իրավասություններն ու լիազորությունները: Գիտխորհուրդը 3 հանձնաժողովների աշխատակարգերն էլ հաստատեց:

Փակ, գաղտնի քվեարկության դրվեց և բաց քվեարկությամբ հաստատվեց Եղեգնաձորի մասնաճյուղի փոխտնօրեն, տնտեսագիտության թեկնածու Արփինե Հովակիմյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցը, ում մինչ քվեարկությունը ներկայացրեց մրցութային հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցը:

Գիտխորհուրդը միաձայն քվեարկությամբ հրատարակության երաշխավորեց նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի 2015թ. «ՀՀ մարզերի տնտեսության զարգացման հիմնախնդիրները» գիտաժողովի նյութերը, «Ուղեղային կենտրոնները արդի քաղաքական գործընթացներում» (հետազոտական խմբի ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Վարդան Աթոյան, անդամներ՝ փ.գ.թ., դոցենտ Սոֆյա Օհանյան, հայցորդ Արփինե Մալքջյան) և «Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» (հետազոտական խմբի ղեկավար՝ տ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Ավետիսյան, անդամներ՝ տ.գ.դ. Հրաչյա Ծպնեցյան, տ.գ.թ., դոցենտ Արման Դաղունց, տ.գ.թ. Արմեն Վարդանյան) կոլեկտիվ մենագրությունները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին