Դասի գործնական մասը՝ գործընկեր բանկերում. համագործակցությունն ընդլայնվում է պիլոտային ծրագրով

Դիտումների քանակ՝ 1588

«Հայբիզնեսբանկի»  ու «Արարատ» բանկի հետ ՀՊՏՀ-ի համագործակցությունն ամրապնդվում է նոր միջոցառումներով և համատեղ ծրագրերով: Այս կիսամյակում մեկնարկել է  պիլոտային ծրագիր, որի շրջանակում մեր համալսարանի բանկային գործ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները «Բանկային ռիսկերի կառավարում» առարկայի գործնական պարապմունքներն անցկացրել են նշված բանկերում: Երեկ ծրագրի շրջանակում վերջին դասերն են եղել, որոնց  ներկա է գտնվել  բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը: Նրա խոսքով՝  ծրագիրը բավական արդյունավետ է՝ մասնագիտական  գիտելիքների և  հմտությունների զարգացման  առումով:

«Դասավանդել են «Հայբիզնեսբանկի»  և  «Արարատ» բանկի լավագույն մասնագետները, պարապմունքներն անցկացվել են ըստ մշակված առարկայական ծրագրի, որի տեսական մասն անցկացվել է ՀՊՏՀ-ում,  գործնականը՝ բանկերում»,-նշեց ամբիոնի ղեկավարը և համոզմունք հայտնեց, որ նման եղանակով  ուսանողը կարողանում է լավագույնս յուրացնել բուհում սովորածը, իսկ մյուս կողմից՝ ձևավորվում է ուսանող-գործատու կապը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է ծրագրի առաջին շահառու-ուսանողների հետ, որոնք բարձր գնահատեցին ծրագրի արդյունավետությունը և երախտագիտություն հայտնեցին բուհի ղեկավարությանը այն հնարավորության համար, որը թույլ է տալիս մասնագիտորեն հմտանալու նաև բանկերում:

«Ծրագրի միջոցով մենք հենց  տեղում  ծանոթացանք բանկային միջավայրին, իսկ դասավանդող փորձառու մասնագետների շնորհիվ կարողացանք տեսական գիտելիքն ամրապնդել գործնականով»,-ասաց «Հայբիզնեսբանկում» պարապմունքներն  անցկացրած  Արփինե Ջրաղացպանյանը:

Զառա Օհանյանը, ով դասերին մասնակցել է «Արարատ» բանկում, նշեց. «Սա ուսուցման նոր և հետաքրքիր մեթոդ էր: Ծանոթացել ենք բանկային ռիսկերի բոլոր ասպեկտներին, ամբողջացրել ենք բանկային գործի մասին մեր  պատկերացումները»:

Ուսանողուհիները նշեցին նաև, որ 2-րդ կիսամյակում պետք է փորձառություն անցնեն բանկերում և պիլոտային ծրագրի շնորհիվ  արդեն որոշակիորեն ունեն բանկային գործին առնչվող հմտություններ:

Լուսանկարները տրամադրել է բանկային գործի և ապահովագրության ամբիոնը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին