ԱՄՀ երևանյան գրասենյակի ղեկավարը ՀՊՏՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ
ՀՊՏՀ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) համագործակցության շրջանակներում այսօր «Տարածաշրջանային տնտեսական զարգացումները Կովկասում և Կենտրոնական Ասիայում» թեմայով դասախոսությամբ մեր համալսարանում հանդես եկավ ԱՄՀ երևանյան գրասենյակի ղեկավար Տերեսա Դաբան Սանչեսը: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ԱՄՀ երևանյան գրասենյակի տնտեսագետ Վահրամ Ջանվելյանը, ուսանողներ: Միջոցառումը կազմակերպել էր մեր համալսարանի արտաքին կապերի բաժինը:
Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը կարևորեց համալսարանի և ԱՄՀ-ի մշտական համագործակցությունը և նշեց, որ պարբերական դասախոսությունները հնարավորություն են ընձեռում առաջին ձեռքից թարմ տեղեկատվություն ստանալ մեր երկրի և տարածաշրջանի տնտեսական զարգացումների վերաբերյալ:
Տերեսա Սանչեսն իր հերթին ուրախություն հայտնեց ամրապնդվող համագործակցության առիթով: Ներկայացնելով զեկուցումը՝ բանախոսը նշեց, որ Հայաստանի տնտեսական զարգացումները պատկերացնելու համար պետք է նախ դիտարկել համաշխարհային, ապա տարածաշրջանի տնտեսական վիճակը: Ներկայացվեց ԱՄՀ-ի կողմից մշակված աղյուսակը, որտեղ առանձին-առանձին արտացոլված էին 2015-2017 թթ. համաշխարհային, եվրոպական տարածաշրջանի երկրների, զարգացող շուկաների, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական աճի կանխատեսվող տեմպերը (ըստ դրա՝ 2017թ. Հայաստանում ակնկալվում է 2.7 % տնտեսական աճ): Շարունակելով համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական զարգացումների վերաբերյալ վերլուծությունը՝ Տերեսա Սանչեսը նկատեց՝ համաշխարհային տնտեսական աճի տեմպը դանդաղել է, ինչը պայմանավորված է առաջատար տնտեսություններ ունեցող երկրների աճի տեմպի դանդաղմամբ: Անդրադարձ կատարվեց համաշխարհային տնտեսության զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցող գործոններին. նշվեց, որ ըստ կանխատեսվածի, նավթի գներն անփոփոխ կմնան, իսկ ալյումինի, ոսկու, բամբակի շուկաներում պահանջարկի աճը բնութագրող ցուցանիշներ չկան: Նավթ արտահանող և նավթ ներմուծող երկրների զարգացման առանձնահատկությունները ներկայացվեցին համեմատական վերլուծության տեսքով: Խոսվեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում տնտեսական հնարավոր ռիսկերի մասին:
«Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները» դասախոսության առանձին հատվածն էր. ընդգծվեց, որ Հայաստանը փոքր և բաց տնտեսություն լինելով՝ մեծապես ազդեցություն է կրում արտաքին տնտեսական միջավայրից (մասնավորապես, մեր երկրի առևտրային խոշոր գործընկերն է Ռուսաստանը, համագործակցությունը մեծ է նաև Չինաստանի և Եվրամիության երկրների հետ) և արդեն ձեռք է բերել ցնցումներին դիմակայելու ունակություն: Գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը դիտվեցին իբրև Հայաստանի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ոլորտներ: Զարգացման տեսանկյունից քննարկվեց նաև Հայաստանի դրամավարկային քաղաքականությունը:
Դասախոսության ավարտին ունկնդիրները ԱՄՀ ներկայացուցչին հղեցին իրենց հարցերը: Ուսանողներից մեկն, օրինակ հետաքրքրվեց, թե ինչու են տարածաշրջանի երկրների համեմատ՝ Հայաստանում վարկային տոկոսադրույքները բարձր, իսկ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, ծրագրի համակարգող, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հարցը առանձնահատուկ աշխուժություն մտցրեց դահլիճում. «Եթե Հայաստանի վարչապետ լինեիք, ի՞նչ կանեիք մեր երկրի տնտեսության զարգացման համար»,-հետաքրքրվեց պրոֆեսորը: Ի պատասխան՝ բանախոսը ներկայացրեց իր գաղափարները, որոնք առնչվում էին մակրոտնտեսական կայունության ապահովմանը, սպասարկման որակի ապահովմանը, տուրիզմի զարգացմանը և այլն:
Հանդիպումը եզրափակեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ հետաքրքիր և օգտակար դասախոսության համար բոլորի անունից շնորհակալություն հայտնելով Տերեսա Սանչեսին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին