619 ուսանողի ուսման վարձ զեղչվել է. նրանց շարքում են ապրիլյան քառօրյայի մասնակիցները
2016-2017 ուսումնական տարվա առաջին կիսամյակում զեղչվել է 619 ուսանողի ուսման վարձ: Այս մասին այսօր կայացած ռեկտորատի նիստում հայտարարեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ ներկայացնելով 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակում վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ մանդատայաին հանձնաժողովի որոշումը, որը ռեկտորատը հաստատեց:
Ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը մեր բաժնի հետ զրույցում մանրամասնեց՝ 619 զեղչված ուսանողների թվում են 567 բակալավրիատի, 52 մագիստրատուրայի ուսանողներ: Այս թվում են նաև ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից 56 ուսանողներ: «581 ուսանողի ուսման վարձ զեղչվել է ուսանողության վճարովի համակազմի 10 տոկոսի շրջանակներում՝ առանց եկամտային հարկի գանձման, իսկ 38 ուսանողի ուսման վարձը զեղչվել է եկամտային հարկի գանձմամբ»,- ասաց Աղավնի Հակոբյանը՝ հավելելով, որ զեղչված գումարը կազմում է շուրջ 67 մլն դրամ:
Ռեկտորատի նիստում դեկանները զեկուցեցին 2016-2017 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի 3-րդ կուրսի առաջին կիսամյակի քննաշրջանի , նույն կրթաձևի 2-րդ կուրսի ուսանողների գիտամանկավարժական փորձառության արդյունքների մասին: Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր ևս:
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը դեկաններին հորդորեց ուշադիր լինել, վատառողջ ուսանողներին թույլատրել չմասնակցել դասերին՝ այդպիսով կանխարգելելով սուր շնչառական հիվանդությունների տարածումը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին