Հոբելյանական մեծարում ռեկտորատում. Գագիկ Չատինյանը 70 տարեկան է
ՀՊՏՀ ռեկտորատի նիստում այսօր հոբելյանական մեծարման հերթական առիթն էր. կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Չատինյանը բոլորել է 70-ամյակը:
Մեր համալսարանում ընդունված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ռեկտորատում շնորհավորեցին վաստակաշատ դասախոսին, հոբելյարին ջերմ խոսքեր հղեց ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ շեշտելով, որ Գագիկ Չատինյանը կանգնած է մեր բուհի ստեղծման ակունքներում, եղել է համալսարանի կայացման ու հաստատման ճանապարհը կերտողներից մեկը, երկար տարիներ ղեկավարել է առևտրի էկոնոմիկայի, այնուհետև կոմերցիայի ամբիոնները: «Ես ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, մաղթում դեռ երկարատև բեղուն աշխատանք մեր բուհում և երկար գեղեցիկ տարիներ՝ Ձեր լավ ընտանիքի հետ»,- ասաց համալսարանի ռեկտորը:
Կորյուն Աթոյանը Գագիկ Չատինյանին նաև հանձնեց շնորհավորական ուղերձ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների, ուսանողների անունից, որում մասնավորապես նշված է. «Այս գեղեցիկ հոբելյանի հետևում մի գեղեցիկ ապրած կյանք է, մի մեծ ավանդ գիտության զարգացման, սերունդների կրթության ու դաստիարակության գործում: Լինելով իսկական մտավորական՝ օժտված մանկավարժական անուրանալի ձիրքով, Դուք էական դերակատարում եք ունեցել մեր համալսարանի պատմության մեջ և այսօր էլ շարունակում եք աշխատել անխոնջ կերպով ու մեծ նվիրումով: Ձեր գիտական մտքի արգասիքը մասնագիտական հարուստ նյութ է ծառայել ուսանողների ու ասպիրանտների, Ձեր գործընկերների համար. շուրջ 80 գիտական հոդվածներ, մենագրություն, զեկուցումներ, թեզիսներ, մեթոդական աշխատանքներ, «Ձեռնարկատիրական ռիսկ», «Կոմերցիայի հիմունքներ», «Առևտրի կազմակերպում և տեխնիկա» ձեռնարկներ:
Դուք մասնագիտական կայացման ուղի եք հարթել երիտասարդ գիտնականների համար, աջակից դարձել նրանց՝ գիտության աշխարհում իրենց տեղը գտնելու ու ինքնահաստատվելու ճանապարհին»:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին