«Տնտեսագետի» աշնանային համարը պատրաստ է

Դիտումների քանակ՝ 1571

Սիրելի ընթերցողներ, ամսագրի նոր համարը սկսվում է անդրադարձով  հուլիսի 15-ին կայացած ՀՊՏՀ խորհրդի նիստին, որում ՀՊՏՀ ռեկտոր վերընտրվեց Կորյուն Աթոյանը: Բուհի նորընտիր ղեկավարի հետ հարցազրույցը կարդացեք էջ 9-11-ում: Կորյուն Աթոյանն անդրադառնում է համալսարանի հետագա զարգացմանը, բարեփոխումներին, վերլուծում ներկա իրավիճակը: Համարում անդարադարձ կա նաև հոկտեմբերի 11-ին կայացած ռեկտոր-ուսանողություն երկխոսությանը:

Գիտելիքի տոնի և ուսումնական նոր տարվա մեկնարկը, ինչպես նաև առաջին կուրսեցիների զվարճալի պատումները վերարտադրում են սեպտեմբերմեկյան տրամադրություններ: Անդրադարձ կա Դիլիջանում անցկացված «Մարզական ամառ» միջոցառմանը, որին մասնակցել են ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

ՀՀ Անկախության թեմայի շրջանակներում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակի լսարանի բացման հանդիսավոր արարողությանն անդրադարձն է: Նույն խորագրում արժևորման, շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքով հանդես է գալիս մարքեթինգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը, ներկայացված են նրա հայրենասիարական բանաստեղծություններից  մի քանիսը:

Այս համարում «Էրասմուս+»-ի գործունեությանը և առաջիկա ծրագրերին է անդրադառնում արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, հանդես են գալիս ծրագրին մասնակցած ուսանողները:

«Անվանի տնտեսագետներ» խորագիրը պատմում է ՀՊՏՀ նախկին ռեկտոր, պրոֆեսոր Լևոն Վարդանյանի մասին և շնորհավորանք հղում ծննդյան հոբելյանի առիթով:

Տնտեսական վերջին և ամենաթարմ վերլուծություններն ու անդրադարձերը, ինչպես միշտ, կարող եք կարդալ դոցենտ Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկարում»:

«Մեր շնորհալիները» խորագրի հերոսը «Ամենախելացին» հեռուստախաղի հաղթող Տիգրան Պետրոսյանն է:

«Լրահոսն» այս անգամ ընդգրկում է մեծ ժամանակահատված՝ հուլիսից հոկտեմբեր, հետևաբար ավելի ծավալուն է:

Զետեղված են նաև բուհի գիտաուսումնական գործունեության, ՀՊՏՀ գիտական խորհրդի, Նոբելյան մրցանակաբաշխության մասին պատմող նյութեր:

«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանն անդրադառնում է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությանը:

«Տնտեսագետի» նոր համարի մասին՝ այսքանը: Ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, դասախոսները` ամբիոններ: Այս պահին արդեն ամսագիրը տարածվել է ֆակուլտետներով, ամբիոններով, վարչական ստորաբաժանումներով։ Կարող եք օգտվել նաև ընթերցասրահների օրինակներից:

Էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am)՝ հետևյալ հղումով:

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին