Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի ներկայացուցիչը՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1788

«Էրասմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ն համագործակցում է Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի հետ, որի ներկայացուցիչ, հետազոտական և միջազգային կենտրոնի աշխատակից Ալեքսանդրա Դաջերլինգն այսօր  հյուրընկալվել էր  մեր համալսարանում: Արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ միջազգային ծրագրերի կենտրոնում նշված համալսարանի մասին տեղեկատվական հանդիպում էր, որին ներկա էր նաև  Հայաստանում «Էրասմուս +»- ի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան:

Ողջունելով ներկաներին՝ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը նշեց, որ Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի հետ ՀՊՏՀ փոխգործակցությունն, իրավամբ, արդյունավետ է, և «Էրասմուս +» ծրագրով մի քանի ուսանող արդեն գտնվել է Լեհաստանում:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Լանա Կառլովան, որից հետո Ալեքսանդրա Դաջերլինգը  ընդհանուր տեղեկություններ հաղորդեց Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի ֆակուլտետների, առարկայական ծրագրերի, միջազգային կապերի և բիզնես կազմակերպությունների հետ համագործակցությունների և այլնի մասին:

Առանձնահատուկ անդրադարձ եղավ  կրեդիտների փոխճանաչման հետ կապված հարցերին: Ալեքսանդրա Դաջերլինգը  պատասխանեց ներկաների հարցերին:

Հիշեցնենք, որ 2015-2016 ուստարվանից «Էրասմուս +» ծրագրով  արտերկրի գործընկեր համալսարաններում վերապատրաստվում և ուսանում են ՀՊՏՀ դասախոսներ, աշխատակիցներ և  ուսանողներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին