ՀՊՏՀ ներկայացուցիչը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով
Մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Գաբրիելյանն արժանացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի՝ համալսարանական սպորտի զարգացման և ուսանողության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման համար:
Նշենք, որ Հովհաննես Գաբրիելյանը նաև ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է, Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ղեկավար կազմի անդամ և աուդիտոր:
Մեզ հետ զրույցում ամբիոնի ղեկավարն ասաց, որ նոյեմբերի 10-13-ը աշխատանքային այցով գտնվել է Բելգրադում (Սերբիա) և մասնակցել Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ղեկավարության նիստին, որտեղ ամփոփվել են 2016 թվականի համալսարանական մարզական ձեռքբերումները, ապա քննարկվել՝ գալիք տարում ուրվագծվող միջոցառումները:
Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավար Գալուստ Սահակյանը, նոյեմբերի 10-ին, Երիտասարդության համաշխարհային և Ուսանողների միջազգային օրերի առիթով, քաղաքական և հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու համար շնորհակալագրերով, պատվոգրերով և հուշամեդալներով պարգևատրել է մի խումբ երիտասարդների:
Շնորհավորում ենք Հովհաննես Գաբրիելյանին և մաղթում նոր ձեռքբերումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին