Լիագումար նիստով տրվեց ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովի մեկնարկը

Դիտումների քանակ՝ 1652

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների ու նաև ուսանողների մասնակցությամբ ՀՊՏՀ նիստերի դահլիճում այսօր լիագումար նիստով տրվեց «Գործարար միջավայրի բարելավման և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովի մեկնարկը: Գիտաժողովին հյուր էին ԱՄՆ-ի Մարքուեթ համալսարանի պատվավոր պրոֆեսոր Փիտեր Թումանոֆը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:

Ի դեպ, մինչ գիտաժողովը ռեկտոր Կորյուն Աթոյանն իր աշխատասենյակում հյուրընկալեց պրոֆեսոր Թումանոֆին, ով, հիշեցնենք, մեկ կիսամյակով մեր համալսարանում հյուրընկալվել էր Ֆուլբրայթ կրթաթոշակային ծրագրի շրջանակներում և համալսարանից հեռացել բարձր տպավորություններով: Ռեկտորի բնորոշմամբ, պրոֆեսորն արդեն հարազատ է դարձել մեզ:

Բացման խոսքով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նախ շնորհակալություն հայտնելով պրոֆեսոր Թումանոֆին գիտաժողովին մասնակցելու բուհի հրավերն ընդունելու համար, ապա ողջունեց գիտաժողովի մասնակիցներին՝ ներկայացնելով այս տարվա գիտաժողովի առանցքում ընկած խնդիրները, գիտահետազոտական աշխատանքների կարևորման համատեքստում շեշտադրեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և գիտաուսումնական խմբերի գործունեությունը, ներկայացրեց իր համոզումը՝ Տնտեսագիտական համալսարանը պետք է հանդես գա տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված մասնագիտական առաջարկներով. «Իմ համոզմամբ, Տնտեսագիտական համալսարանի համար սա տնտեսական խնդիրների լուծումներ առաջադրելու լավագույն ճանապարհն է»:

«ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովը նվիրված է գործարար միջավայրի բարելավման և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման արդի հիմնախնդիրներին: Կարևորելով գործարարության և ձեռնարկատիրության դերը երկրի տնտեսության զարգացման գործում՝ ՀՀ Կառավարությունը փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը համարելով Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղու-թյուններից մեկը՝ շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի պետական աջակցության և զարգացման ուղղությամբ։ Արտահանման խրախուսման գործում փոքր և միջին ձեռնարկատիրության դերի ուսումնասիրությունը շատ արդիական է այսօր` ելնելով այն փաստից, որ փոքր և միջին բիզնեսի զարգացումը ընկած է մեր երկրի հետագա տնտեսական զարգացման հիմքում: Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունում գործարարության և ձեռնարկատիրության ծավալման համակարգը ամբողջապես կայացած համարել չի կարելի և շատ հիմնախնդիրներ հրատապ լուծման, իսկ տնտեսական բազմաթիվ խթանները` կատարելագործման կարիք ունեն»,- հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորը, ում ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ռեկտորի բացման ելույթից հետո լսվեցին զեկուցումներ: Կորյուն Աթոյանը հանդես եկավ «Մասշտաբային բնակարանաշինությունը՝ որպես ներքին արտադրության խթանմամբ տնտեսական աճի ապահովման ուղղություն», Փիտեր Թումանոֆը՝ «Ինստիտուցիոնալ ընտրության տեսության հիմնահարցերի շուրջ», Հայկ Սարգսյանը՝ «Սահմանադրականության ախտորոշման և մշտադիտարկման մեթոդական որոշ մոտեցումներ», ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Սամսոն Դավոյանը՝ «Երկրներում իրականացված վերափոխումների համեմատական արդյունավետության գնահատումը և վերլուծությունը» զեկուցումներով:

«Մասշտաբային բնակարանաշինությունը՝ որպես ներքին արտադրության խթանմամբ տնտեսական աճի ապահովման ուղղություն» թեման, ռեկտոր Կորյուն Աթոյանի զեկուցմամբ, կատարվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից և նպատակ է ունեցել առաջարկելու տնտեսական աճի ապահովման նոր մոտեցումներ: Ըստ հետազոտող խմբի՝ լայնածավալ բնակարանաշինությունը տնտեսական աճի խթանման այն միակ յուրահատուկ ոլորտն է, որը զարգացնելու համար կան օբյեկտիվ հիմքեր, մեծ ներդրումներ հարկավոր չեն, ծրագիրն աչքի է ընկնում հատույցի մեծ էֆեկտով: Կորյուն Աթոյանի խոսքով՝ ծրագրի իրագործման արդյունքում ոչ միայն կխթանվի տնտեսական աճը, այլև կլուծվի սոցիալ-տնտեսական խնդիր՝ ազգաբնակչությունը կապահովվի բնակարաններով: Ռեկտորի զեկուցման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱՄՆ-ի Մարքուեթ համալսարանի պատվավոր պրոֆեսոր Փիտեր Թումանովը նախ շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ամենամյա գիտաժողովին մասնակցելու հնարավորության համար, ապա «Ինստիտուցիոնալ ընտրության տեսության հիմնահարցերի շուրջ» զեկուցման շրջանակներում անդրադարձավ տնտեսական և քաղաքական ինստիտուտների ձևավորմանը, դերին, դրանց երկարաժամկետ էվոլյուցիային, շուկաների և հիերարխիաների կառավարմանը: «Քաղաքական ինստիտուտները ձևավորում են այն միջավայրը, որտեղ ընտրվում են տնտեսական համակարգերը, մինչդեռ տնտեսական ինստիտուտները ստեղծում են այն միջավայրը, որտեղ տնտեսական ոլորտի գործակալները իրականացնում են սպառման և արտադրության ընտրությունը: Տնտեսական ինստիտուտները վարքագծի վրա ազդեցություն են թողնում տնտեսական տրանսակցիաների վրա ունեցած ազդեցության միջոցով: Քաղաքական ինստիտուտները ազդեցություն են թողնում տնտեսական ինստիտուտների հարցում հասարակությունների ընտրության վրա՝ քաղաքական տրանսակցիաների արժեքի միջոցով: Հուսով եմ, այս ազդեցությունների ըմբռնումը հնարավորություն կտա ձևավորելու նոր գաղափարներ տնտեսական ինստիտուտների և քաղաքական միջավայրերի երկարաժամկետ էվոլյուցիայի համար»,- շեշտադրեց Փիտեր Թումանոֆը::

Հայկ Սարգսյանը շեշտեց, որ «Սահմանադրականության ախտորոշման և մշտադիտարկման մեթոդական որոշ մոտեցումներ» թեման կատարելիս իրենք համագործակցել են մեր համալսարանի Գյումրու մասնաճյուղի գիտնականների հետ, ապա ավելացրեց, որ սահմանադրականությունը սոցիալ-տնտեսական հենք ունի, ուստի կարող է դառնալ տնտեսագետների ուսումնասիրության առարկա: Պրոֆեսորն անդրադարձավ սահմանադրականության տնտեսագիտության Ջեյմս Բյուքենենի սահմանումներին, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից արված սահմանադրականության բնորոշումներին, դրա գնահատմանը՝ իրավաժողովրդական և սոցիալ-տնտեսական դիտանկյունից: Սամսոն Դավոյանը «Երկրներում իրականացված վերափոխումների համեմատական արդյունավետության գնահատումը և վերլուծությունը» զեկուցման շրջանակներում ներկայացրեց հասարակական զարգացման ընդհանրական համաթիվը 20 զարգացած և 35 թույլ զարգացող և անցումային տնտեսություններով երկրներում, դրական ու բացասական տեղաշարժեր ապահոված երկրների ցուցանիշները: Մեկ այլ՝ վերափոխումների ընդհանրական համաթվի հետազոտության արդյունքներով Հայաստանը Կովկասում երկրորդ տեղում է:

Զեկուցումների ավարտով ամփոփվեց լիագումար նիստը, գիտաժողովի աշխատանքները շարունակվում են բաժանմունքներում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին