ՀՊՏՀ մագիստրանտները այցելել են Կենտրոնական բանկ

Դիտումների քանակ՝ 2126

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին նշված ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները այցելել են ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն: Ուսանողների այցը ղեկավարել է  մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լիլիթ Դադայանը:

Այցելության ընթացքում ուսանողները ծանոթացել են դրամաշրջանառության պատմությանը, մետաղադրամների ու թղթադրամների առավելություններին ու թերություններին, օգտակար տեղեկություններ են ստացել կեղծ թղթադրամների տարբերակման մասին, ծանոթացել թղթադրամների պաշտպանական նշաններին, ականատես եղել դրանց փորձարկմանը:

ԿԲ աշխատակից, այցելուների կենտրոնի համակարգող էքսկուրսավար Անժելա Գևորգյանը ուսանողներին ներկայացրել է Կենտրոնական բանկի գործառույթներն ու դրամավարկային քաղաքականության նշանակությունը: Այցելության ավարտին մագիստրանտները տեսանյութի միջոցով ամփոփել են  իրենց ստացած տեղեկությունները փողի տպման աշխատանքների մասին:

Ապագա շուկայագետները վառ տպավորություններ են ստացել այցելությունից և լրացրել են ֆինանսական ոլորտի վերաբերյալ իրենց գիտելիքները:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել են ուսանողները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին