ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առիթով
Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առիթով ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորական ուղերձ է հղել, որը սիրով ներկայացնում ենք:
Սիրելի՛ ուսանողներ
Շուրջ մեկ տարի առաջ տոնացույցը համալրեց մի նոր տոն՝ Ուսանողների և երիտասարդների օրը, և ես առիթ ունեցա շնորհավորանքի խոսք հղելու ձեզ: 2016 թվականի մայիսի 16-ին մենք առաջին անգամ պետականորեն նշեցինք այդ տոնը, որի հիմքում Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է:
Նոյեմբերի 10-ին և 17-ին նշվող Երիտասարդության և Ուսանողության միջազգային օրերը նույնպես համեմատաբար երիտասարդ տոներ են, բայց արդեն ավանդույթի ուժ են ստացել: Ինչևիցե, երիտասարդությանը շնորհավորելը, նրան խոսք ու պատգամ ուղղելը, նրա ձայնը լսելը միշտ ցանկալի է ու անհրաժեշտ:
Ավագ սերունդը, որքան փորձառու, խորագետ ու հեռատես է, միևնույն է, միշտ ապավինում է թարմ ներուժին և կարևորում է երիտասարդության նորաստեղծ միտքն ու եռանդը, պատրաստակամորեն նոր սերնդին է փոխանցում իր ձեռքբերումները: Ահա և՝ գիտելիքի, փորձի, ավանդույթների փոխանցման, անցյալի ու ներկայի անխզելի կապի ապահովման հիմքում սերունդների երկխոսությունն է, միմյանց լսելու, ըմբռնելու, վստահելու և աջակցելու ցանկությունն ու կարողությունը:
Ես գնահատում և անթաքույց հպարտություն եմ ապրում՝ տեսնելով մեր երիտասարդության լավագույն ներկայացուցիչների մասնագիտական, մարզական հաջողությունները, հայրենիքի պաշտպանության գործում նրանց անձնուրաց նվիրաբերումը: Յուրաքանչյուր առանձին առիթը ինձ՝ որպես համալսարանի ղեկավարի, գիտնական-մանկավարժի, ծնողի, մեծ երջանկության է պարգևում, ինչպես նաև մեծ ցանկություն՝ լավագույն հատկանիշների կրողներ տեսնել բոլորին:
Սիրելի ուսանողնե՛ր, երիտասարդնե՛ր, շնորհավորում եմ ձեզ, մաղթում առողջություն, անձնական երջանկություն, ձեր բարօրությունը կերտելու մեծ կամք ու եռանդ, հայրենի երկիրը պաշտպանելու ու շենացնելու արիություն ու աշխատասիրություն:
Որքան շատ լինեն ձեզ նվիրված տոները, այնքան շատ առիթ կունենաք լսելու ձեզ հասցեագրված հիացմունքի ու վստահության խոսքեր, որոնք, ինչպես գիտեք, առավելապես պատասխանատվություն են ենթադրում, այդ պատասխանատվությունը ստանձնելու ու վստահութունն արդարացնելու ցանկություն ու ջանքեր:
Շնորհավորում եմ ձեզ կրկին, թող հաջողությունն ուղեկցի ձեզ միշտ և ամենուր:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր
ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ