1 տարի անց. ՀՊՏՀ-ում ներդրված ընտանիքների և մայրության աջակցման կարգը ոգևորություն է առաջացրել կոլեկտիվում

Դիտումների քանակ՝ 1414

ՀՊՏՀ կոլեկտիվին ուղղված ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի սոցիալական ծրագրերից հերթականն արդեն շուրջ մեկ տարվա կյանք ունի: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 10-ի նիստում ընդունված ««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից նորաստեղծ ընտանիքների աջակցման և երեխաների ծննդյան խրախուսման»  կարգը մեծ ոգևորություն է առաջացրել մեր բուհի կոլեկտիվում:

Հիշեցնենք, որ տվյալ կարգը նախատեսում է համալսարանի աշխատակիցներին 100-250 հազար դրամական խրախուսում՝ նոր ընտանիք կազմելու և երեխա ունենալու դեպքում: Նորաստեղծ ընտանիքների համար սահմանված են նյութական աջակցման հետևյալ տեսակները՝ համալսարանի աշխատողի կողմից նորաստեղծ ընտանիքի կազմում՝ 100.000 դրամ ՀՀ դրամ, համալսարանի երկու աշխատակիցների կողմից նորաստեղծ համատեղ ընտանիքի կազմում՝ 250.000 ՀՀ դրամ: Երեխայի ծննդյան համար սահմանված են նյութական խրախուսման հետևյալ տեսակները՝ առաջին երեխայի ծնվելու դեպքում 100.000 ՀՀ դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 150.000 ՀՀ դրամ, երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 200.000 ՀՀ դրամ, միաժամանակ  մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում՝ 250.000 ՀՀ դրամ:

Մեր խնդրանքով անդրադառնալով ծրագրի արդյունքներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ համալսարանի բարեփոխման իր ծրագրերում սոցիալական բաղադրիչը, ընդ որում՝ ուղղված թե՛ ուսանողներին, թե՛ աշխատակիցներին, մշտապես կարևորվել և առանձնահատուկ տեղ է զբաղեցրել: «Համալսարանի անձնակազմը, նաև ուսանողները ականատեսն են մեր կատարած քայլերի և ակնհայտ է, որ մենք շատ ենք կարևորում սոցիալական ծրագրերի իրականացումը: Դրա վկայությունն են աշխատակիցների բժշկական ապահովագրությունը, աշխատակիցների ուսանողների հանգստի կազմակերպումը, մարզաբնակ և օտարերկրյա ուսանողներին կեցավայրի տրամադրումը, տարատեսակ կրթաթոշակներն ու զեղչերը և այս շարքը շարունակելի է»,- ասաց Կորյուն Աթոյանը:

ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանի տեղեկացմամբ՝ կարգի ներդրումից հետո ունենք հետևյալ ցուցանիշները՝ մինչ օրս համալսարանի կողմից հիմնական աշխատողների նորաստեղծ ընտանիքների նյութական աջակցման դիմում են ներկայացրել և միանվագ՝ 100.000–ական դրամով խրախուսվել 10 աշխատող: Երեխաների ծննդյան միանվագ նյութական խրախուսում ստացել են 19 հիմնական աշխատող, որոնցից երկուսը 3-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ:

Խրախուսման արժանացած մեր առաջին աշխատակիցները

Անձնակազմի կառավարման բաժնի պետի խոսքով՝ աշխատակիցներին շատ են ուրախացրել բուհի ղեկավարության կողմից իրականացվող սոցիալական ոլորտի խրախուսումները, մասնավորապես՝ նորաստեղծ ընտանիքներին և մայրությանը, հայրությանը և մանկությանն ուղղված աջակցությունները:

Վերջում հավելենք, որ կարգին ամբողջությամբ ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՊՏՀ պաշտոնական կայք՝ հետևյալ հղումով՝ media.asue.am/upload/ajakcman_karg.pdf:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին